Դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակները որոշակիորեն բարձրացվում են. ՀՀ վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:

«Նախագծով առաջարկում ենք կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ շեշտեց, որ այս նախագծով սոցիալական խնդիր է լուծվում:

«Մեր հայրենակիցների մի մեծ խմբի թոշակային ապահովման պայմաններն էականորեն բարելավվում են: Դա իրավապահ և դատական համակարգն է»,- ասաց Գրիգորյանը: 

«Կենսաթոշակային ապահովման այս փաթեթով դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակները որոշակիորեն բարձրացվում են»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետի խոսքով՝ նման թեմաները բավականին զգայուն են և տարակարծությունների տեղիք են տալիս, սակայն նախաձեռնության այս մոտեցումն արդարացված է:

«Երբ մենք դատավորների, դատախազների, քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, մենք դա ինչքան նրանց, այնքան էլ մյուս քաղաքացիների համար ենք ստեղծում: Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն, ծառայություն մատուցվեն ՀՀ քաղաքացիներին: Երբ կան որոշակի սոցիալական երաշխիքներ, դա չի կարող չազդել աշխատանքի որակի էական բարձրացման և արդարադատության համակարգի որակի էական բարձրացման վրա»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում