Եվրոպական արձագանքը՝ գերիների վերադարձին

ԱԱրսեն Մկրտչյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ադրբեջանից 8 հայ ռազմագերիների վերադարձին՝ շնորհակալություն հայտնելով այդ գործում ներգրավված ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին: Սկզբում Թվիթերում ֆրանսերեն, հետո էլ արդեն Ֆեյսբուքում հայերեն՝ Մակրոնը գրել է. «Ութ հայ ձերբակալվածներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորներին։ Շարժվում ենք առա՛ջ»:

Հայ ռազմագերիների խմբի վերադարձը դրական է գնահատել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Ադրբեջանի կողմից 8 հայ կալանավորված անձանց ազատ արձակումը և վերադարձը Հայաստան քառակողմ հանդիպմանը հետևած դրական զարգացման ևս մեկ նշան է: ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»:

Փետրվարի 4-ին տեսակապով հանդիպում ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես ողջունել է ռազմագերիների վերադարձը՝ այն համարելով քառակողմ հանդիպմանը հետևած քայլ:

«Ողջունում եմ պահվող հայ անձանց ազատ արձակումն Ադրբեջանի կողմից: Դա կարևոր հումանիտար ժեստ էր, որը հետևեց անցյալ ուրբաթ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի հանդիպմանը»:

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտն էլ ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Լուրերի» տեսանյութը գերիների վերադարձի մասին և կից գրել, որ հպարտ է՝ տեսնելով, թե ինչպես է վայրէջք կատարում օդանավը՝ 8 ռազմագերիներին վերադարձնելով իրենց ընտանիքներ:

Անդրադառնալով մնացած ռազմագերիներին՝ Լաքոտը նկատել է, որ ամենաբարձր մակարդակով շարունակում են նրանց վերադարձնելու Ֆրանսիայի ջանքերը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում