Հայ գիտնականները քաղցկեղի բուժման նոր մոդել են մշակում

ՔՔրիստինե Ոսկանյան

Սրվակների մեջ արգանդի վզիկի քաղցկեղային բջիջներ են: Գիտաշխատողներն ուսումնասիրում են դրանց վրա տարբեր դեղաբույսերի ու սինթետիկ միացությունների հակաքաղցկեղային ազդեցությունը: Գիտական խմբի հետազոտության թիրախում հատկապես կրծքագեղձի քաղցկեղն է, քանի որ ամենահաճախ հանդիպող տեսակներից է: Մեր երկրում տարեկան ավելի քան 1000 նոր դեպք է ախտորոշվում:

Նիկոլայ Ավթանդիլյան (ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ) - Ծրագրի նորարարությունը կայանում է նրանում, որ մենք ստեղծում ենք արդյունավետ բուժական նոր մոդել, որը իրենից ներկայացնում է դեղաբույսի և քիմիաթերապևտիկ պրեպարատի համակցում:

Նորարար այս մեթոդը կենդանիների վրա իրականացված հետազոտություններում դրական արդյունք է տվել: Փորձարարական մոդելում նախ քիմիական կանցերոգենի միջոցով 8-13 շաբաթվա ընթացքում ուռուցքներ են առաջացրել, հետո սկսել են բուժել:

Նիկոլայ Ավթանդիլյան - Մինչ այս երկու տեսակի դեղաբույսերը համակցել ենք քիմիաթերապևտիկ միացությունների հետ և վիզուալ տեսել ենք ուռուցքի չափսերի փոփոխություն, քանակության փոփոխություն, մահացության աստիճանի նվազում:

Դեղաբույսերը Տավուշից են հավաքել, չորացրել: Սպիրտային էքստրակտներ են պատրաստել ու որոշել դրանց հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային հատկությունները:

Հայարփի Ջավրուշյան (լաբորատորիայի կրտսեր գիաշխատող) - Նախկին փորձերում էլ առավել հաջող արդյունքներ գրանցվել են, դաշտային ավելուկի, սրոհունդի կողմից առավել բարձր հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային ակտիվություն ենք տեսել:

Բույսերը պատահական չեն ընտրվել, թիմակիցը նախորդ տարի Լեհաստան է մեկնել ու բույսերն այնտեղ հետազոտել: Հիմա ձեռքի տակ ավելի քան 10 դեղաբույս կա:

Նիկոլայ Ավթանդիլյան - Վերջնարդյունքը լինելու է փորձանմուշի պատրաստում, ունենալու ենք ամպուլաների կամ քիմիական միացությունների հավաքածու, որոնք  կարող են կիրառվել կրծքագեղձի քաղցկեղի կամ նաև տարբեր քաղցկեղների բուժման համար, վերջնական արդյունքը փորձանմուշի պատրաստումն է:

Թեմայի հետազոտության համար ստացած դրամաշնորհից բացի, Գիտության կոմիտեից ևս մեկ դրամաշնորհ են ստացել՝ գիտական խմբի մեկնարկի ու լաբորատորիայի ստեղծման նպատակով: Արդեն 10 սարք են գնել, մի քանիսն էլ ճանապարհին են:

Նիկոլայ Ավթանդիլյան - Հնարավորություն ենք ունենալու և բջջային կուլտուրաների հետ իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև արդիական՝ էլայզա կոչված մեթոդով, որի միջոցով կարող ենք լայն սպեկտրի միացություններ որոշել:

Գիտաշխատողները հետազոտության ընթացքում գործակցում են ԱՄՆ-ի Օրեգոնի առողջության և գիտության, Գդանսկի տեխնոլոգիական համալսարանների ու Հայաստանի ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ։ Համոզված են՝ ստացված արդյունքը բժշկության ոլորտում փոփոխություն կբերի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում