Պեկինում կբացվեն Ձմեռային օլիմպիական խաղերը

ՄՄերի Ներսիսյան

ՊՈՒՏԻՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ Է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում է: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն Է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Պուտինը հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահի հետ կշփվի աշխատանքային ճաշկերույթի ժամանակ: Այսօր երեկոյան Ռուսաստանի ղեկավարը ներկա կլինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը:

Պուտինը և Ծինփինը քննարկումների ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ երկխոսությանը և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին, քննարկել երկկողմ համագործակցության հիմնական ոլորտներին առնչվող հարցեր: Ռուս-չինական գագաթնաժողովի ժամանակ կստորագրվեն 10-ից ավելի միջկառավարական ու կորպորատիվ փաստաթղթեր, հանդիպման արդյունքների վերաբերյալ պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով նախագահ Պուտինը չի նախատեսում Պեկինում հանդիպել Օլիմպիական խաղերի բացմանը ժամանող այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, թեև նրանցից ոմանք, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, նման ցանկություն են հայտնել։

ՊԵԿԻՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Ժամեր անց Չինաստանում պաշտոնապես կմեկնարկի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը մայրաքաղաքի Ազգային մարզադաշտում: Օլիմպիական ավանը բացվել է հունվարի 27-ին, օլիմպիական կրակի փոխանցումավազքի մեկնարկը տրվել է փետրվարի 2-ին, օլիմպիական կրակը Աթենքից Պեկին է հասել հոկտեմբերի 20-ին:

Ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 4-20-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը: 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է ընտրվել Պեկինը՝ դառնալով առաջին քաղաքը, որ հյուրընկալել է Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերը։ Համավարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերի մարզական իրադարձություններին մասնակցել կարող են ոչ բոլորը, կազմակերպիչները ստեղծել են այսպես կոչված՝ «փակ օղակ»՝ մարզիկների և Օլիմպիական խաղերի անձնակազմի համար:

Նախագահ Սի Ծինփինը հյուրընկալել է աշխարհի ավելի քան երկու տասնյակ առաջնորդների: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ավստրալիան և այլ երկրներ բոյկոտում են Օլիմպիադայի բացումը՝ Չինաստանին մեղադրելով զանգվածային բռնաճնշումների և ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման համար:

ՄԱԿՐՈՆԻ ԱՅՑԸ ՌԴ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստան կմեկնի փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինա: Տեղեկությունը տարածել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը: Ֆրանսիայի ղեկավարը Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Օրեր առաջ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կրկին հեռախոսազրույց են ունեցել: Նրանք կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանին անվտանգության երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերով: Պուտինի և Մակրոնի ևս մեկ հեռախոսազրույց տեղի էր ունեցել հունվարի 28-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում