ԱԱլիս Մելիքսեթյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքը նախատեսվում է կանաչապատել. Հրաչյա Սարգսյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքը նախատեսվում է կանաչապատել. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, կարևորելով համայնքային ծառայության պատշաճ կազմակերպումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գործառույթներն անձամբ է համակարգելու:

 

«Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ մենք պետք է լինենք առաջամարտիկ. մեր եղած խնդիրները բացահայտելով՝ ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
 
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Քաղաքապետարանի տարեկան ծրագրերով աշխատանքներ կտարվեն նաև ոռոգման ցանցում առկա խնդիրները լուծելու նպատակով: Ջուրը այդ տարածք հասցնելու նպատակով նախորդ տարի հիմնական ջրատարի 1.9 կմ խողովակաշար է փոխարինվել: Քաղաքապետը հանձնարարել է մնացած 377 մետրն էլ փոխարինել այս տարի, որպեսզի համայնքապատկան տարածքի ոռոգման խնդիրն ամբողջությամբ լուծում ստանա:
 
Մայրաքաղաքում մայթերի պատշաճ ձնամաքրումն ապահովելու նպատակով համայնքը նախատեսում է ձեռք բերել հատուկ տեխնիկա: Հարկ է նշել, որ մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009-ին Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները:
 
Ձմռան ամիսներին հետիոտնի ու երթևեկության անվտանգությունն ապահովելու համար քաղաքում լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ամառային անվադողերով երթևեկող վարորդները: Քաղաքապետը հանձնարարել է տեղեկատվություն տրամադրել ԵԱՏՄ-ի շրջանակում ձեռք բերված պարտավորությունների մասին և ճշտել՝ օրենքում փոփոխություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:
 
Ընթացիկ տարում ամբողջությամբ կարդիականացվի Հանրապետության հրապարակի շատրվանների կառավարման համակարգը: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավորինս շուտ գործարկվի շատրվանային համալիրի երաժշտական ու լազերային շոուի համակարգը:
 
Երևանի քաղաքապետարանը դիտարկում է եվրոբոնդեր թողարկելու հնարավորությունը: Դրանք կարևոր դեր կունենան քաղաքի տնտեսական զարգացման համար: Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը զեկուցել է, որ խնդիրը լուծելու նպատակով հանդիպումներ են լինում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ:
 
Էլեկտրոնային Mulberry համակարգի ներդրման առնչությամբ քաղաքապետի օգնական Սեյրան Մեջլումյանը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատակիցների վերապատրաստումից անմիջապես հետո քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ կկազմակերպվի նոր համակարգով:
 
Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը հունվարի 26-ի դրությամբ կազմում է 2 մլրդ 932 մլն դրամ, կատարողականը՝ 113 տոկոս: Եկամուտների հաշվառման և գանձման վարչության բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանն էլ զեկուցել է, որ այն 2021 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 160 մլն դրամով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում