Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք տալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 2-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, տրանսպորտային միջոցը թաղանթապատված դիմապակիով վարելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նկատել են, որ վարորդ Ա. Խաչատրյանը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Երբ պարեկները վարորդին առաջարկել են սթափության վիճակի զննություն անցնել հատուկ սարքի միջոցով, վերջինս առաջարկել է հարցն «այլ կերպ լուծել»: Մասնավորապես, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Ա. Խաչատրյանը փորձել է 20 000 ՀՀ դրամ կաշառք տալ պարեկին, ինչից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:









