Համայնքների զարգացման ծրագրեր՝ մարզաբնակ երիտասարդներից

ԱԱրևիկ Աբելյան

350 երիտասարդ՝ Հայաստանից, Ջավախքից ու Արցախից: Մեկ սեղանի շուրջ քննարկում են իրենց համայնքների սոցիալական, կրթական և մշակութային ծրագրերը: Մհերն ընկերների հետ 2019-ից իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր՝ հիմնականում ներգրավելով մարզաբնակ երիտասարդներին:

Մհեր Մկրտչյան («Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահ) - Այցելում ենք մարզեր, տարբեր խմբեր ենք հավաքագրում հենց գյուղերում, խնդիրներ ենք դուրս բերում, երեխաների հետ թիմեր ենք ստեղծում, որոնցով աշխատում ենք իրենց խնդիրների վրա: Մոտ 60 գործարարի եմ հրավիրել, որ երեխաները ներկայացնեն իրենց պրոյեկտները:

Գործընկերներ գտնելով՝ նախաձեռնության անդամները փորձում են օգնել երիտասարդներին՝ նրանց համար համայնքներում միջոցառումներ են կազմակերպում, սարքավորումներ տրամադրում՝ այլընտրանքային մասնագիտություն սովորելու համար՝ մոնտաժից մինչև ծրագրավորում: Վերջին ծրագրով էլ Երևանում բացվեց Ուսանողի տունը, որտեղ բնակվում են մարզերի ուսանողները:

Մհեր Մկրտչյան - Ամեն ինչ չի սահմանափակվում նրանով, որ պետք է գալ քաղաք, կամ երկրից գնալ, այլ էսօր թվային է կյանքը, ու կարող են հենց համայնքում նստած՝ Ֆրանսիայում աշխատեն, մեծ գումարներ աշխատեն ու գնան-հանգստանան իրենց ուզած երկրներում:

Մկրտչյանի խոսքով՝ գաղափարակից շատ կառույցներ են միանում իրենց՝ նոր հնարավորություններ ստեղծելով մարզաբնակ երիտասարդների կյանքը բարելավելու համար:

Մաթևոս Բարսեղյան (ընկերության տնօրեն) - Հիմնականում մարզի երեխեքը միշտ կտրված են լինում այս ամենից, ու նման միջոցառումները խրախուսում են ու իրենց պոտենցիալը վեր են հանում:

Նոր գիտելիքներ, ծանոթություններ, գործնական առաջարկներ, փորձի փոխանակում , ինչպես նաև գաղափարների իրականացում. նախաձեռնությունը ծառայելու է հենց այս նպատակների իրականացմանը:

Նարեկ Սողոմոնյան (միջոցառման մասնակից Արցախից) - Ես վստահ եմ, որ այսօրվա մոտ 400 երիտասարդները, երբ որ գնան իրենց համայնքներ, մեծ մասամբ սկսելու են ավելի ջանասիրաբար աշխատել:

Առցանց հարթակում ձևավորված, երիտասարդներն իրենց մարզերից նորարարական գաղափարներով նպաստում են  համայնքի այլ խնդիրների լուծմանը: Միջոցառման կազմակերպիչները վստահ են՝ նախաձեռնության մի մասնիկը դառնալու է հնարավոր՝ հասնելու մեծ փոփոխությունների:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում