114 տարի անխափան հրատարակված Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը փակման վտանգի առաջ է

ՄՄարի Կոստանյան

 Արա Գոչունյան (Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր) - «Ժամանակ» օրաթերթը 114 տարի անխափան հրատարակված է:

Բայց այսօր հրատարակումը գուցե ընդհատվի: Անընդհատ հրատարակվող հայկական ամենահին օրաթերթը, որը լույս է տեսնում Ստամբուլում, լինել-չլինելու վտանգի առաջ է:

Արա Գոչունյան - Ստամբուլում արևմտահայ ժառանգության գործնականորեն իրավահաջորդը հանդիսացող օրաթերթի գոյության վտանգված լինելը զուտ տեղական նշանակություն չունի:

Ավելի քան մեկ դար օրաթերթը լուսաբանում է թուրքահայության կյանքի կարևոր դրվագները, Հայաստանի և սփյուռքի առանցքային զարգացումները: Ժամանակին հրատարակվել է մինև 15000 տպաքանակով, այսօր տպաքանակը 1000 է: Ստամբուլի 10 հոգանոց անձնակազմից բացի թղթակիցներ ունեն հայկական տարբեր համայնքներում: Օնլայն հարթակում ևս գործում են:

Արա Գոչունյան - Ամեն օր թարմացվում է, հեղինակային նյութերով է թարմացվում և սոցցանցերում էլ ունի հասանելիություն, արևմտահայերենով կարևոր պատուհան է:

Այդ պատուհանի փակվելու վտանգի մասին առաջին անգամ թերթը բարձրաձայնեց իր 114-ամյակի խմբագրականում՝ չնայած ֆինանսական դժվարությունները տարիների պատմություն ունեն: Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամ, լիրայի արժեզրկում, համավարակ՝ սրանք օրաթերթը ճգնաժամի հասցրած ոչ բոլոր պատճառներն են:

Արա Գոչունյանը, որը Պոլսո «Ժամանակի» արդեն չորրորդ սերնդի խմբագիրն է, նշում է՝ վերջին տասնամյակում պոլսահայ համայնքում խիստ պառակտում կա:

Արա Գոչունյան - Որոշ վարչական մարմիններ, որոնք համայնքի ռեսուրսներն ունեն, թիրախավորել են «Ժամանակը»՝ համոզվելով, որ սա անկախ լրատվամիջոց է, և չնայած իրենց ունեցած միջոցներին՝ չեն կարողանում իրենց հունի մեջ պահել:

Արա Գոչունյան - Սկսան այնպես հաշվարկել, որ էս թերթի եկամուտները պետք է ինչ-որ ձևով դադարեցնեն, որ այս թերթը դառնա վերահսկվող լրատվամիջոց:

Եվ, այնուամենայնիվ, «Ժամանակը» ոչ մեկից այսօր էլ կախում չունի՝ նշում է Գոչունյանը, շեշտելով՝ հիմա էլ օգնություն ակնկալում են, որ շարունակեն լինել Ստամբուլի հայկական համայնքի անկախ խոսափողը:

Արա Գոչունյան - Հույս ունենք, որ հայ իրականության մեջ կլինեն անհատներ կամ շրջանակներ, որոնք չնայած դժվարություններին՝ կկարողանան գնահատել էստեղից բարձրացված այս ձայնի նշանակությունը:

Թերթի ղեկավարությունը այս բարդ փուլն անցնելու համար որպես առաջին քայլ կարևորում է օրաթերթի գոնե առաջիկա մեկ տարվա անխափան գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ ունենալը: Խոսքը մոտ 150 հազար դոլարի մասին է, որը ներառում է տարածքի վարձակալության, տպագրության և աշխատակազմի ծախսերը: Իրենց խնդրանքը կոնկրետ հասցեատեր չունի՝ կառույցներ, անհատներ, կազմակերպություններ: Չնայած 4-5 տարի ձգվող ֆինանսական դժվարություններին՝ այս պահին օրաթերթը չունի պարտքեր, և ստացվող գումարները միայն ապագային են ուղղված լինելու:

Արա Գոչունյան - «Ժամանակ» օրաթերթն այսօր ոչ մի անհատի կամ կառույցի պարտական չէ, ոչ մի լումա պարտք չէ: Սա որևէ ղեկավարման թերացման կամ մսխումի հետևանքը չէ, և ինչ միջոց ներդրվի, միանգամից նպատակի է ծառայելու:

Եթե չհաջողեն, 1908 թվականից լույս ընծայվող պարբերականի համար 2022 թվականը կդառնա վերջինը: Բայց դրա մասին մտածել չեն ուզում: Ամեն օր աշխատանքի են շտապում՝ լիահույս, որ դեռ տասնամյակներ շարունակելու են ամեն օր 4 էջում ամփոփել Հայաստանի, սփյուռքի, Պոլսի համայնքի կարևոր անցուդարձը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում