Հայաստանում արտադրում են ավտոյի լվացման և խնամքի նյութեր

ՀՀերմինե Բաղդասարյան

Ավտոլվացման փրփրուն այս շամպունը, պարզվում է, հայկական է։ Ավելին՝ երկրում սպառվող մեքենայի օճառի 60-70 տոկոսը տեղական մի ընկերություն է արտադրում։ Հոսքագծին հիմա՝ դարձյալ երկաթե նժույգների համար, բայց այլ ապրանք է։

Համլետ Կարապետյան (ընկերության աշխատակից) - Անվադողեր սևացնող միջոց ենք արտադրել, շշալցում ենք անում, դասավորում ենք այնտեղ: 

Արկղերն առայժմ արտահանման չեն գնա․ թեպետ անվադողերի հայկական սևացուցիչները Մերձավոր Արևելքում բավական մեծ շուկա էին գտել՝ ասում է բիզնեսի հիմնադիր տնօրենը։

Արթուր Խաչատրյան (ընկերության հիմնադիր տնօրեն) - Արտահանումը բավականին հաջող սկսել էինք Լիբանանում, բայց քանի որ հայտնի պատճառով վիճակը խառնվավ՝ քաղաքական պատճառով հիմա արտահանումը էս պահին դադարեցված է:

Մեքենայի դետալներից մինչև սրահի մաքրող-լվացող-փայլեցնող նյութեր. ընկերությունը նախ ներկրել է, հետո՝ 2013-ից արդեն, իտալացի գործընկերների հետ արտադրություն սկսել։

Մեկնարկի այդ փուլը հիմա ժպիտով են հիշում, հատկապես որ՝ մինչև ամառ ստանալու են նյութերը միանգամից 6 տարայի մեջ լցնող-փակող, պիտակ ու ակցիզ փակցնող ամբողջապես ավտոմատ նոր հոսքագիծ։

Արթուր Խաչատրյան - Այս պահին ունենք 3 հաստոց, 4-րդն էլ պատվիրել ենք, որը մեծ է, կարող է հնարավորություն տալ ամիսը մինչև 300 տոննա արտադրելու. դա Հայաստանի համար շատ մեծ քանակ է:

Պատերի հնությանն ու անխնամ տեսքին չնայեք․ արտադրվող ամբողջ տեսականին միջազգային չափանիշների է՝ իր ղեկավարած «Մոբիլսերվիսի» տեսականու մասին ասում է գործարար Խաչատրյանը, հատուկ առանձնացնում մշակումներից վերջինը։

Արթուր Խաչատրյան - Միակ ընկերությունն ենք, որ անցած տարվանից սկսեց արտադրել էդ-բլյու, որը նախատեսված է եվրո-5 ստանդարտով աշխատող դիզելային շարժիչների համար: Հույս ունենք՝ այս տարի դրա ծավալն էլ կավելացնենք:

Երիտասարդ ձեռներցն անկեղծանում է․ վարժվել են, որ մեքենա ունեցողները սկզբում կասկածով են նայում ավտոքիմիայի-կենցաղային քիմիայի հայկական նմուշներին կամ տուփի դիզայնից մտածում են՝ ներկրված է, և փորձելուց հետո են միայն անցնում իրենց՝ made in Armenia տեսականուն։

Սեդա Շաշիկյան (ընկերության աշխատակից) - Ունենք 82 անուն և ավելի ապրանք, որ արտադրում ենք մեքենաների և կենցաղային քիմիայի համար։

Վարորդների ասած՝ նիզամիրզայկայից մինչև ղեկի հայկական փայլեցուցիչ, բոլոր նյութերի բաղադրատոմսը ընկերության տեխնոլոգի ձեռքի գործն է։

Վիրաբ Ստեփանյան (ընկերության քիմիկոս-տեխնոլոգ) - Ես ինքս եմ մշակել. բա իմ մասնագիտությունն է:

Վարպետ Վիրաբը՝ Սովետական Հայաստանի Ձեթ-օճառի կոմբինատի գլխավոր ինժեներն է եղել։ Համաձայն չէ տեսակետին, թե հայկական տնտեսությունը կորցրել է կենցաղային քիմիայի ոլորտը։ Եվրոպական հումքով, էկո-ստանդարտներով, փորձաքննություն անցած ապրանք են արտադրում՝ բա դա ի՞նչ է՝ ասում է։

Վիրաբ Ստեփանյան - Զարգացածի ամեն ինչը կախված է սպառումից, եթե շուկան թույլ տալիս է, մարդիկ արդեն ներդրում են անում, գիտական մտքի ներդրում էլ է լինում:

Ներդրումն արել-անում են՝ հաշվի առնելով, որ քիմիական հումք Հայաստանը չունի, պետք է ներկրեն: Շուկան խիստ մրցակցային է՝ չինական-թուրքական տեսականին շատ, այնպես որ՝ որակը չպահեն՝ տեղում կկորցնեն սպառողին՝ բիզնեսի ռիսկերն իմի է բերում գործարարը։

Արթուր Խաչատրյան - Մեզ համար որ սթրեսային էր, երբ Հայաստանը մտավ ԵԱՏՄ: Ինչու. որովհետև Ռուսաստանից շատ սկսեց ապրանք գալ, բայց մեզ էլ շատ օգնեց: Էդ մրցակցության շնորհիվ մենք մեծ աշխատանք կատարեցինք թե՛ լոգիստիկ, թե՛ սարքերի իմաստով:

Արդյունքից դժգոհ չեն․ տարվա կտրվածքով այժմ ունեն ամբողջ տեսականու մոտ 800 տոննա սպառում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում