Պոլիկլինիկաները տեխնիկապես վերազինվում են. ստեղծվել է բարեփոխումների աշխատանքային խումբ

ՀՀայկարամ Նահապետյան

Հիվանդանո՞ց, թե՞ պոլիկլինիկա. հարցը ծնողն ունենում է, երբ երեխան շնչառական կամ այլ վարակների հետ կապված խնդիր է ունենում: Առողջապահության նախարարության պատասխանը միանշանակ է՝ սկզբնական զննությունը պետք է անցնել պոլիկլինիկայում՝ առողջության առաջնային պահպանման օղակում:

Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Կա միջազգայնորեն ընդունված հիվանդությունների ցանկ, որտեղ հստակ գրված է, թե ո՞ր հիվանդություններն են ստացիոնար պայմաններում բուժվում, որոնք՝ ամբուլատոր, և որի բարդության դեպքում պետք է արդեն ուղղորդվեն ամբուլատոր օղակից դեպի հիվանդանոց:

Առողջապահական գերատեսչությունը մշակել է կարգավորումների փաթեթ, որով նպատակ ունի վերազինել առաջնային օղակը, վերապատրաստել բուժանձնակազմին: Մասնագետները վստահ են՝ պոլիկլինիկաների հզորացումը կբերի հիվանդանոցների գերբեռնվածության թեթևացման: Հիվանդության թեթև ընթացքի դեպքում քաղաքացին այլևս ստիպված չի լինի օրեր շարունակ պառկել բուժհաստատությունում:

Արտակ Ջումայան - Վաղը մենք, ունենալով արդեն սուր շնչառական վարակի, գրիպի հետ կապված թվերի աճ, որը սեզոնային է և այլն, պետք է ճիշտ կառավարենք մեր մահճակալային ֆոնդը, որպեսզի չունենանք կուտակումներ:

Հայաստանի գլխավոր մանկաբույժի կարծիքով՝ Հայաստանում բնակչության մեծ մասը գոհ չէ պոլիկլինիկաների աշխատանքից: Բժիշկն այս խնդրի օբյեկտիվ պատճառ է տեսնում:

Սերգեյ Սարգսյան (ՀՀ գլխավոր մանկաբույժ) - Դա իրողություն է, որն իր արմատներով գնում է դեպի սովետական ժամանակաշրջան, երբ պոլիկլինիկայի աշխատանքը շատ բուժաշխատողների համար դիտվեց երկրորդային»:

Մանկաբույժն այս հանգամանքով է պայմանավորում նաև այն, որ ծնողն իր երեխայի համար մեծամասամբ նախընտրում է հիվանդանոցային բուժումը:

Սերգեյ Սարգսյան - Քիչ չեն դեպքերը, երբ գալիս են ծնողները և «երկու ոտքը մի կոշիկում» վիճակով ասում են՝ չէ, անպայման հոսպիտալացնել, երբ, իսկապես, հոստպիտալացման ցուցումներ չկան:

Առողջապահության նախարարության մշակած կարգավորումները թույլ կտան ոչ միայն նվազեցնել անհիմն հոսպիտալացման դեպքերը, այլև հիվանդանոցային բուժումը դարձնել առավել արագ:

Արտակ Ջումայան - Ստացիոնար բուժման մեջ պետք է ընդգրկվի 4-5 %-ը՝ մանկական բնակչության, և միջին տևողությունը ստացիոնար բուժման 4-4.2 օր է: Մեզ մոտ դա, ցավոք, և՛ օրերով է շատ՝ միջինը 6.5-7, և տոկոսով՝ մոտ 15 է մեր բնակչության հոսպիտալացման թիվը:

Առողջապահական գերատեսչությունում ստեղծվել է բարեփոխումների իրականացման աշխատանքային խումբ: Կբարելավվեն նաև պոլիկլինիկաների շենքային պայմանները:

Հեղինակ՝  Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում