Սուր շնչառական վարակների պատճառով որոշ դպրոցներ անցել են հեռավար ուսուցման

ՀՀայկ Նավասարդյան

Հերթական զանգն է՝ դպրոցներում արձանագրված գրիպի և սուր շնչառական հիվանդությունների մասին:

Ռոմելլա Աբովյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ - Դեռևս արձանագրում ենք հիվանդացության բարձր ակտիվություն:

Հիվանդացության դեպքերն առավել տարածված են մինչև 14 տարեկանների շրջանում: Նախորդ օրվա համեմատ՝ թվերը 1.2 անգամ աճել են, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2.2 անգամ:

Ռոմելլա Աբովյան - Այս պահի դրությամբ ունենք հոսպիտալացված 381 պացիենտ, որից 91.3 տոկոսը 0-18 տարեկան են, իսկ նրանցից 274-ը 0-4 տարեկաններն են:

Սուր շնչառական հիվանդությունների աճով պայմանավորված՝ քաղաքապետարանի ենթակայության 6 դպրոց մասնակիորեն անցել է հեռավար ուսուցման: Կրթության նախարարությունն էլ երեք հաստատատությունից է տեղեկացվել երկշաբաթյա հեռավարի անցնելու մասին:

Սուսաննա Ազատյան, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ - Տեղեկացված ենք, որ սուր շնչառական հիվանդությունների պատճառով բացակայությունները շատ են, բայց դրանք այնքան չէ, որ անցնեն հեռավար կրթության:

Հեռավար կրթությանն անցնելու անհրաժեշտություն չկա, օրինակ, Սիամանթոյի անվան դպրոցում, բացակայությունները հատուկենտ են՝ թույլատրելիի սահմանում: Տնօրենի համոզմամբ՝ պատճառը հակահամաճարակային կանոններին հետևելն է:

Լիլիա Պողոսյան, Սիամանթոյի անվան հիմնական դպրոցի տնօրեն - Առ այսօր, արձակուրդից հետո, վարակման մեծ օջախներ չկան:

Հանրապետության դպրոցներում հիմնականում տարածված է գրիպի A տիպի H1N1 ենթատեսակը: Հունվարի 24-ի դրությամբ՝ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում բացակայությունները 10.7 տոկոս են, որից սուր շնչառական վարակով պայմանավորված՝ 1.6 տոկոսը:

Ռոմելլա Աբովյան - 1357 դպրոցում բացակայել է 8.2 տոկոս, որից 1.5 տոկոսը՝ սուր շնչառական վարակներով: Արձանագրվել է նաև 10 տոկոս և ավել բացակա ունեցող 14 դպրոց և 37 մանկապարտեզ:

Ջերմություն, թուլություն, հազ, փռշտոց. վերջին շրջանում տարածված վիրուսը, Ռոմելլա Աբովյանի բնորոշմամբ, շատ նման է «Օմիկրոն» շտամին: Սուր շնչառական հիվանդություններին զուգահեռ՝ արագ տարածվում է նաև կորոնավիրուսը:

Ռոմելլա Աբովյան - Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը, որն արագ տարածվում է, և ավելի շատ մարդկանց է վարակելու: Վերջին 14 օրվա ընթացքում ունենք 377 տոկոս աճ. նման ցուցանիշ մենք դեռ չենք արձանագրել:

Վարակի շղթան կոտրելու համար համաճարակաբանության վարչության պետը դարձյալ հորդորում է հետևել հակահամաճարակային կանոններին՝ դիմակ դնել, պատվաստվել. հազ-փռշտոցով երեխաներին դպրոց, մանկապարտեզ չուղարկել: Վատառողջ մեկ երեխան կարող է ամբողջ դասարանին վարակել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում