Մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միաժամանակ նշեց, որ ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: 

«Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ  միջազգային հանրությունն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում