Շահե Սիմոնյան (Թումոյի շինարարության բաժնի ղեկավար, ճարտարապետ) - Պատմական շենք է, որ թերևս 30 տարի չի օգտագործված, կառուցված է մոտ 60 կամ 70 տարի առաջ: Շենքը շատ հետաքրքիր շենք է, եթե պատկերացնես 60 տարի առաջ Հայաստանում ինչ շենքեր կառուցվում էին, ասիկա քիչ մը տարբեր է:
Թումոյի այգու տարածքում գտնվող այս խորհրդային շենքի ներսում շուտով ակտիվ ուսանողական եռուզեռ կլինի: Շենքը վերակառուցման փուլում է: ԵՄ Թումո համալիրի Թումո լաբերն ու 42 Երևանը կրթական ծրագրերը հենց այստեղ կիրականացվեն: Ճարտարապետի խոսքով՝ 60 տարի առաջ կառուցված յուրահատուկ այս շենքը կարծես հենց կրթական այդ նախագծերի համար ստեղծված լինի:
Շահե Սիմոնյան - Հիմնական գեղեցիկ բաները այս շենքում այս տրոսներն են, որ մենք փորձած ենք պահել ու շենքի տանիքի հեծանները, որ շատ հետաքրքիր մթնոլորտ են ստեղծում: Ինչ որ մենք ավելացրեցինք, փորձեցինք թեթև ձևով ավելացնել, որ իր բնական տեսքը չավրենք:
Աստիճանների փոխարեն՝ թեքուղին. դա իրականացված ամենամեծ փոփոխությունն է: Այն հարմար կլինի նաև հաշմանդամություն ունեցողների համար:
Շահե Սիմոնյան - Այն շենքը շատ ավելի հասանելի ըրավ մեր բոլոր աշակերտներուն ու հյուրերուն. Բոլորը մի ճանապարհով կբարձրանան վեր ու մի ճանապարհով վար կիջնեն:
1980-ականներին այս շենքում երիտասարդների համար գործել է տեխնիկական ստեղծարարության կենտրոն, որը պատկանել է էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ զբաղվող խոշոր գործարաններից մեկին: Այդ ժամանակ գործարանի ղեկավարը ինժեներ Էդիկ Պետրոսյանն է եղել: Նրա կինը ցույց է տալիս լուսանկարներ կենտրոնի բացումից ու նշում, որ Խորհրդային Միության փլուզումից ու ամուսնու մահից հետո այդ շինության ճակատագիրն այդպես էլ անորոշ էր մնացել: Ուրախ է, որ շուտով այն կրկին վերածվելու է կրթության ու տեխնոլոգիաների կենտրոնի:
Բելլա Գևորգյան - Երիտասարդները կընդունվեն, կզարգանան, առաջ կգնան նոր տեխնիկայով: Կյանքը շարունակվում է. ես շատ ուրախ եմ, շատ: Կարծես թե վերևից ինչ-որ մի բան թելադրեց, որ հենց այդ կենտրոնը պետք է դառնար 30 տարի հետո նորից այդպիսի կենտրոն:
Թումո համալիրի կրթական ծրագրերն իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ: Ճարտարապետի խոսքով՝ ուսանողներն այս տարածքում տեխնոլոգիական ոլորտում նոր գիտելիքներ ձեռք կբերեն՝ ժամանակակից ու հարմարավետ պայմաններում:
Շահե Սիմոնյան - Այս սեղանը, բոլորը իրենց համար է: Ասոնք հատուկ Թումոյի դիզայնն են՝ այս սեղանները, և մոտ 8 աշակերտ կնստի այս սեղանի վրա: 24 ժամ բաց է, համակարգիչները չեն տեղադրված, մոտ ատեն կլինեն:
Համակարգիչների տեղադրման գործընթացն էլ շատ չի ուշանա: Նախատեսվում է, որ առաջիկա շաբաթներին արդեն հենց այս շենքի ներսում ուսանողները նոր նախագծեր կիրականացնեն:
Խորհրդային տարիներին կառուցված շենքը՝ կրթության և տեխնոլոգիաների կենտրոն
Դիտումներ0













