ՄՊՀ-ն ճկունացնում է պատժամիջոցների համակարգը

ՎՎահե Կոստանդյան

Ապրանքային շուկաներում խախտումներ հայտնաբերելու դեպքում, լինի իրավաբանական թե ֆիզիկական անձ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կարող է դիմել գաղտնագրված կարգով: Սա անանուն բողոք չէ՝ ասում է հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

Տիգրան Մարկոսյան (ՄՊՀ անդամ) - Սա չի նշանակում, որ պետք է խթանենք բանսարկությունները կամ զրպարտչությունը: Ինքնին հաղորդումը չի նշանակելու, որ մենք վարույթ ենք հարուցելու: Սա նշանակում է, որ կա առիթ հարցը քննարկելու: Եթե իրավախախտման առերևույթ հատկանիշները ապացույցներով հիմնավորված չեն, մենք ինքներս պետք է նախաձեռնենք գործընթաց, եթե ապացույցները կհաստատվեն՝ կգնանք առաջ, եթե ոչ՝ վարույթի հարուցումը կմերժվի:

Վարույթ հարուցելու կամ չհարուցելու հիմնավորումները կհրապարակեն հանձնաժողովի պաշտոնական կայքում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսվարողների նկատմամբ պատժամիջոցներն ավելի ճկունացրել է: Առաջնորդվում են նոր օրենքից բխող 18 իրավական ակտերով:

Տիգրան Մարկոսյան - Դրանք բոլորն էլ մտել են ուժի մեջ և կիրառելի են:

Անբարեխիղճ ընկերությունները կտուգանվեն «կոնկրետ խախտման դեպքում կոնկրետ պատիժ» սկզբունքով: Հաշվի կառնեն տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ մեղմացուցիչ, երբ տնտեսվարողը պատրաստ է արագ շտկել սխալը: Եթե տնտեսվարողն ընդունի իր մեղքը, նույնիսկ կկիրառեն արագացված վարույթ: Երբեք չեն կիրառի տուգանք, որն ընկերությանը կտանի սնանկացման:

Տիգրան Մարկոսյան - Ապրանքատեսակի հասույթն է հաշվի առնվում, խախտման տևողությունը, մեղմացնող հանգամանքներից ա՛յ սա այսպիսի կշիռ ունի, 10 տոկոսով է ազդում և այլն:

Եթե նախկինում տնտեսվարողին տուգանում էին նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով, հիմա կտուգանեն խախտում հայտնաբերած կոնկրետ ապրանքի հասույթի չափով: Փորձել են մշակել պատժի այնպիսի միջոցներ, որոնք համաչափ կլինեն կատարված խախտմանը՝ ասում է Տիգրան Մարկոսյանը: Հաճախ հանդիպող հայտնի բրենդների կեղծմամբ սպառողին մոլորեցնելու խախտումների համար տուգանքի նոր կարգ է գործելու:

Տիգրան Մարկոսյան - Սա արդեն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, և դրա համար պատասխանատվությունը տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսն է: Մենք գնացել ենք ավելի առաջ, զարգացրել ենք և համաչափության գաղափարն ենք պահպանել՝ ասելով, որ որպես կանոն հիմք է ընդունվում կոնկրետ ապրանքի շրջանառության հասույթի, ոչ թե տնտեսվարող սուբյեկտի: Այսինքն՝ հնարավոր է՝ այդ ապրանքը նրա հասույթի մեջ ունենա կշիռ 3 տոկոսի չափով, և, հետևաբար, պատասխանատվության միջոցի հաշվարկման համար հիմք կընտրվի 3 տոկոսը:

Չի լինելու խախտում, որի դեպքում մշտապես գործի նախազգուշացում մեխանիզմը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ մշտադիտարկման կենթարկի օրենքներում առկա բացերը, ենթաօրենսդրական ակտերը և կառաջարկի համապատասխան կառույցներին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում