Պահպանվո՞ւմ են հակահամաճարակային կանոնները հանրային տրանսպորտում. տեսչական ստուգում
Ոստիկանության պարեկային ծառայության սպան միկրոավտոբուսը կանգնեցրել է գերբեռնված լինելու պատճառով: Սա հակահամաճարակային կանոնների կոպիտ խախտում է: Վարորդը պարզաբանում է՝ որքան էլ հորոդորում են, աշխատանքի շտապող քաղաքացիները միևնույն է՝ չեն ենթարկվում:
Վարորդն այն կարծիքին է, որ գերբեռնվածության համար ինքը պատասխանատու չէ ու տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է ստորագրել արձանագրությունը:
Ստորագրի, թե ոչ՝ խախտումն արձանագրված է և դրա համար պատասխանատվություն կկրի երթուղին շահագործող կազմակերպության ղեկավարը: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խստացված ստուգումները վերսկսել են հունվարի 10-ից: Արդեն ավելի քան չորս հարյուր մշտադիտարկում են արել:
Էդուարդ Խաչատուրյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետ) - Արձանագրվել է 43 խախտում, մեր քաղաքացիները հանրային տրանսպորտում դիմակ չէին կրում և վարորդները չէին կրում: Զգոնությունը թուլացել է:
Յուրաքանչյուր մշտադիտարկման ժամանակ խախտումներ արձանագրվում են, ասում են ճանապարհային անվտանգության մասնագետները: Պատահում են նաև կոպիտ խախտումներ:
Էդուարդ Խաչատուրյան - Կոնկրետ այսօր արձանագրվել է վարորդները դիմակ չէին կրում և մեկ խախտում էլ ճանապարհային թերթիկում համապատասխան նշագրումները չուներ բուժակ և մեխանիկի:
Մեկ ժամվա ընթացքում արձանագրվեց երեք խախտում: Տեսչական մարմնի աշխատողները նկատել են, քաղաքացիներն ու վարորդները դիմակ միշտ ունենում են, սակայն թե ինչու չեն դնում, անհասկանալի է:













