Հայ նկարչուհու թղթե, փազլային գորգերը՝ ավանդական ու ժամանակակից գույների ու նախշերի համադրությամբ

ՀՀովհաննես Վարդանյան

Հայ նկարչուհու թղթե, փազլային գորգերը 2021-ին ցուցադրվել են Փարիզում, այս տարվա ապրիլին էլ կներկայացվեն Վենետիկում: Փարիզաբնակ հայ արվեստագետ Արաքս Սահակյանը մասնակցելու է «Մետաքսե ճանապարհ» միջազգային ցուցահանդեսին: Նա գորգագործ չէ, ֆլոմաստերով նկարում է թղթի վրա, իսկ գորգագործները գործում են այն: Աշխարհում փազլային եղանակով գորգագործությունը նոր երևույթ է:

Արաքս Սահակյան (արվեստագետ) - Ես սկզբից չէի մտածում, որ հետո պետք է գործել, բայց ինքնըստինքյան ստացվեց, որ իմ նկարածներով տեղափոխեցինք, այսինքն՝ ոգեշնչվեցի հայկական գորգերից, հետո իմ գորգերը իմ նկարներից դարձան ուրիշ, նոր ստեղծված ժամանակակից գորգեր: 

Հայաստանում ամբողջությամբ նոր զարդանախշերով գորգեր գրեթե չկան, գորգագործները հիմնականում հինը վերցնում, նորի հետ միավորում, գործում են: Արաքսի նոր զարդանախշերով նկարները գորգի վերածում են Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղի գորգագործները: Հինգն արդեն գործել, Եվրոպա են ուղարկել, հիմա աշխատում են վեցերորդի վրա: Գորգագետ Աստղիկ Ամիրբեկյանը Արաքսի գործերում շատ նոր գույներ է տեսել: Ասում է՝ մոդեռն են ու տարբերվող:

Աստղիկ Ամիրբեկյան (գորգագետ) - Բացի այն, որ դրանք առանձին կտորներով են հավաքվում, դրանք նաև շատ հետաքրքիր խորագիր ունեն, այսինքն՝ դրանք ուղղակի զարդանախշեր չեն վերցված, իրար հետ կապակցված, դրանք մի ամբողջ կոմպոզիցիա են, որ պետք է կարդալ, հասկանալ:

Արաքսը նկարներում վառ գույների ներքո պատկերում է հիմնականում ընտանեկան, պատերազմական թեմաներ, դիմանկարներ: Հեղինակն իր նկարներում փորձում է ցույց տալ ավանդականի ու ժամանակակիցի տարբերությունը, այդ թվում՝ գույների միջոցով: Իր գործերը դեռ չի վաճառում, ասում է՝ դրանք պետք է երկար ճանապարհ անցնեն:

Արաքս Սահակյան - Օգտագործում ենք շատ տարբեր ավանդական գործերը, այսինքն՝ հայկական հանգույցներով գործած գորգեր են, բայց նաև աշխատում ենք գույների վրա, որովհետև էդ գույները պետք է անպայման նույն ձևի լինեին, ինչ ֆլոմների գույները, ու իմ բոլոր գույները հիմնականում օգտագործված են բնական նյութեր: 

Գորգերից մեկի վրա, օրինակ՝ պատկերված են հեղինակի ապրած երեք քաղաքները՝ Հրազդանը, Փարիզը և իսպանական Ալիկանտեն: Այն Արաքսի հեղինակած ամենամեծ փազլային գորգն է, բաղկացած 81 թղթից: Աստղիկ Ամիրբեկյանն ասում է՝ երբ գորգի թվային պատկերը հավաքել են հյուսելու համար, զարմացել են հեղինակի ներաշխարհից ու գույների ընտրությունից:

Աստղիկ Ամիրբեկյան - Արաքսի բոլոր գորգերը պարունակում են 15, 20, վերջին գորգը՝ 24 գույնով ենք գործել, պատկերացնո՞ւմ եք: Մեր գորգի մեջ բացառիկ է, մենք հիմնականում սովոր ենք ընկալելու 7, 10 գույն մաքսիմում: Շատ հետաքրքիր սիմվոլիկաներ էնտեղ կան, օրինակ՝ փուչիկներ, շուն, դաշնամուր, էնպիսի բաներ, որոնք մենք չեն հանդիպում գորգերի մեջ, բայց իրենք շատ հետաքրքիր ձուլվել ու դարձել են հանգույցների միջոցով գորգեր: 

Փարիզաբնակ նկարչուհին մտածում է նաև Հայաստանում անհատական ցուցադրություն բացելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում