44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներից 2-ը երեխա են ունեցել, 27-ը հղի են

ՌՌոզա Խաչատրյան

2021-ն անպտղության հաղթահարման առումով բարենպաստ տարի էր: Դեկտեմբերի դրությամբ՝ ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն, ծնունդն սպասվում է այս տարի:

Նունե Փաշայան (ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Մենք սահմանել էինք որոշակի խմբեր՝ շահառուների 6 խումբ, և արդեն իսկ սպասարկել ենք 857 շահառուի:

Շահառուները զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք են, սահմանամերձ համայնքների բնակիչները, անապահով ընտանիքները, հաշմանդամություն ունեցողները, խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները՝ մինչև 42 տարեկանը և 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները՝ առանց որևէ սահմանափակման:

Էդուարդ Համբարձումյան (Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ) - Ընդհանրապես, բուժառուների շատ ծանր խումբ են, որոնք պահանջում են արտակարգ մոտեցումներ: Նման օրինակ չկա, որ Կառավարությունն այս խմբի կանանց՝ մինչև 53 տարեկան, ֆինանսավորի:

Լավ արդյունքները կապված են ծրագրի ֆինանսավորումը գրեթե կրկնակի ավելացնելու հետ. եթե 2020-ին այն կազմել է շուրջ 300 մլն դրամ, ապա 2021-ին կատարվել է շուրջ 500 մլն դրամի աշխատանք:

Էդուարդ Համբարձումյան - Կանանց մի մասը հղիացել է՝ 25-26 տոկոսը, ծնունդներ ունենք, բայց 50 տոկոսից ավելի զույգերի մոտ գործընթացը դեռ շարունակվում է:

Վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում, միջինում՝ 1.5 տարի: Ծրագրին դիմած 97 մայրերից երկուսը նորից կյանք են պարգևել, 27-ը հղի են: 

Էդուարդ Համբարձումյան - Եթե համեմատենք 2020 և 2021 թթ. տվյալները, տարբերությունը հսկայական է, որովհետև մենք նոր սկսում էինք նախապատրաստական աշխատանքները՝ դիագնոստիկ և այլն: 2021-ին դեռևս չենք ավարտել, որովհետև 2020-21-ից դեռ ակնալիքներ ունենք:

Նախորդ տարի Կառավարությունը կարևոր որոշումներ ընդունեց, որոնք թույլ կտան զարգացնել վերարտադրողական բժշկությունը Հայաստանի տարբեր շրջաններում՝ նշում է Համբարձումյանն ու հիշեցնում. Հայաստանում անպտղության ինդեքսը 1.6 է: Այսինքն՝ մեր ընտանիքներում միջինում այսքան երեխա է ծնվում, որը նույնիսկ ընտանիքի վերարտադրողականությունը չի ապահովում:

Էդուարդ Համբարձումյան - Հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանում նվազագույնը 3 երեխա պետք է ծնվի, որ մենք կարողանանք մեր դեմոգրաֆիկ հարցերը լուծել:

Անպտղության հաղթահարման ծրագրի հաստատումից մեկ տարի էլ չի անցել, բայց արդյունքներ արդեն կան, ցուցանիշն էլ օր օրի ավելանալու է՝ նշում են մասնագետները` հիշեցնելով՝ մեզ համար ժողովրդագրական աճը ռազմավարական կարևորության խնդիր է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում