Ադրբեջանական սադրանքը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների հերթական դրսևորումն է

ՀՀայկ Նավասարդյան

Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված երկու զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում՝ հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Ռազմական գերատեսչությունը ավելի վաղ ևս մեկ զինծառայողի մահվան մասին էր հայտնել: Հունվարի 11-ի կեսօրին սկսված ակտիվ ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը երեք զինծառայողի կորուստ է ունեցել:

Ադրբեջանի հարցերի փորձագետը ցույց է տալիս տարածքը, որտեղ Ադրբեջանի զինուժը սադրանքի է դիմել: Կանաչ քարտեզի վրա կարմիրով նշվածները ադրբեջանական հենակետերն են Հայաստանի տարածքում: Հովհաննիսյանի գնահատմամբ՝ սահմանին լարված իրավիճակ ստեղծելը Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկն է:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Սրա հիմնական նպատակն է ճնշված պահել Հայաստանն ու Արցախը, այդ թվում՝ հոգեբանական առումով, որպեսզի չկարողանանք վերականգնվել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով և ստիպված լինենք կատարել Ադրբեջանի պայմանները:

Նման ագրեսիաները կարող են և կրկնվել՝ նշում է Հովհաննիսյանը: 2021-ի մայիսից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքը փորձում է ամրացնել դիրքերն այդ հատվածում. եթե մայիսին ձեռնամարտեր էին, հետո փոքր տրամաչափի զենքեր կիրառվեցին, հիմա՝ նաև հրետանի ու անօդաչուներ:

Տարոն Հովհաննիսյան - Հիմնական գերիշխող բլուրներն անցնում են նախկին խորհրդային սահմանային գծով, ով գերիշխում է այստեղ, նա ավելի խորքում կարող է գործողություններ իրականացնել:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման փաստը: Պաշտոնական Երևանը Բաքվին կոչ է արել հետևել տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությանը։

ԱԳՆ - Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021 թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը:

Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զինծառայողի մահվան մասին: Ըստ այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Նազարով Այազ Ազեր օղլուն զոհվել է Քարվաճառի շրջանում:

Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ այս պահին իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում