Ճանապարհաշինական նախագծերը 2022 թվականին

ՄՄուշեղ Իսախանյան

Ճանապարհաշինական աշխուժությունը կշարունակվի նաև 2022-ին. կառավարությունն այս տարի ևս վճռական է: Արդեն նախատեսել են՝ որտե՞ղ, ի՞նչ աշխատանքներ են կատարվելու: Առաջնահերթության կարգով աշխատանքները Սյունիքում կշարունակվեն: Այլընտրանքային բոլոր ճանապարհները, որոնց կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2021-ին, այս տարի կավարտվեն:

Վահագն Ստեփանյան, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ - Անցած տարի սկսել էինք Սյունիքի մարզի հետևյալ ճանապարհների հողային աշխատանքները. Խոտ-Որոտան, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Կապան-Ճակատեն, ինչպես նաև Տաթև-Լծեն ճանապարհը, որը մեր հիմնական ճանապարհն է դառնալու 2022 թվականի ավարտին՝ որպես միջպետական և մեր բոլոր բեռների տեղափոխման համար:

Այս տարի կկառուցեն նաև Վերին Խոտանանը շրջանցող ճանապարահատվածը, որ բեռնատարները կարողանան անխոչընդոտ անցնել 43 կմ-անոց ճանապարհի բարդ հատվածը: Տաթև-Լծենից բացի, կվերանորոգվի նաև Լծեն-Շամբ հատվածը, ինչից հետո Սյունիք բնակավայրը Սիսիանին կապող ամբողջական ճանապարհը պատրաստ կլինի: Վահագն Ստեփանյանն առանձնացնում է Կապան-Գեղանուշ-Ճակատեն՝ այլընտրանքային և Կապան-Ճակատեն՝ հիմնական ճանապարհների կառուցումը, որի մեկնարկը նախորդ տարվա նոյեմբերի երկրորդ կեսին տրվեց:

Վահագն Ստեփանյան - Այլընտրանքային ճանապարհն այս պահին պատրաստ է՝ Կապան-Գեղանուշ-Ճակատենը, որով բարձր մեքենաներով կարողանում են մեր քաղաքացիները երթևեկել, և դրան զուգահեռ՝ մեկնարկել ենք Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհի աշխատանքները: Այդտեղ մեզ շատ մեծ աջակցություն է ցուցաբերել ԶՊՄԿ-ը, իրենց տրամադրած մեծ տեխնիկաներով, որը հնարավորություն տվեց դեկտեմբերին 2 ուղղություններով հողային աշխատանքներն ավարտել:

Սյունիքում այս տարի 66 կմ կկառուցեն-կասֆալտապատեն, ընդ որում՝ ամբողջովին նոր ճանապարհներ՝ նոր հողային պաստառով, 3 շերտ նոր ասֆալտով: Ամբողջ հանրապետությունում մոտ 240 կմ ճանապարհ էլ կհիմնանորոգեն: Ամբողջ աշխատանքի համար այս տարի պետական բյուջեից մոտ 46 մլրդ դրամ կհատկացվի:

Վահագն Ստեփանյան - Ընդհանուր առմամբ՝ հիմնանորոգման աշխատանքները գրեթե բոլոր մարզերում միջինում 30-32 կմ ճանապարհ պետք է հիմնանորոգենք:

Վահագն Ստեփանյանն առանձնացնում է նաև Գյումրի տանող 5.7 կմ հատվածը, որ շարունակում է Հյուսիս-հարավը, բայց դուրս է ավտոճանապարհից, նաև Իսկահակյան-Գյումրի 29.2 կմ-անոց հատվածը: Այս տարի որոշվել է բարձրացնել Վարդենիս տանող ճանապարհի մոտ 4 կմ-անոց մի հատված, որը Սևանա լճի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ մնալու վտանգի առաջ է կանգնում: Այս տարի աչքի առաջ են նաև մի քանի մարզային նշանակության ճանապարհներ, որոնք մեղմ ասած՝ անմխիթար վիճակում են:

Վահագն Ստեփանյան - Եթե խոսենք ընդհանուր ռազմավարությունից, թե ինչպես են ընտրվում այդ ճանապարհները, մեզ տարեկան 100 մլրդ-ը չի բավարարի, որ կարողանանք ՀՀ-ում բոլոր վատթար ճանապարհները բարելավենք, քանի որ դրանք շատ են: Մենք նախատեսում ենք ամենավատագույնները, որոնք գրեթե անանցանելի են, այդ ճանապարհները հիմնանորոգենք:

Նոր կամ նորոգված ճանապարհների համար միայն պետբյուջեն չէ, որտեղից գումար է հատկացվում: Մյուս աղբյուրը վարկային ծրագրերն են: Այս տարի նախատեսված է ամբողջությամբ ավարտել Հյուսիս-հարավի տրանշ 3-ը՝ Թալին-Լանջին, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երթևեկելի մասը: Նախատեսվում է աշխատանքները վերսկսել նաև տրանշ 2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածի Ագարակը շրջանցող 8 կմ-անոց ճանապարհահատվածում: Քաջարան-Ագարակ հատվածի մրցույթն այս տարի կհայտարարվի, եթե ոչինչ չխանգարի, կապալառուի մրցույթ կհայտարարեն նաև Սիսիան-Քաջարան հատվածի համար: Նախատեսում են ավարտել նաև Մ6 միջպետական ճանապարհի աշխատանքները:

Վահագն Ստեփանյան - Այս տարի նախատեսել ենք ավարտել նաև Բագրատաշենի կամուրջ ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ: Աշխատանքները մեկնարկել են 2021-ին և գնում են բավականին լավ: Կարծում եմ՝ ժամանակի մեջ կկարողանանք տեղավորվել և ավարտել Բագրատաշենի կամուրջը:

Մոտ 150 կմ ճանապարհներին էլ միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն: Դա երբ հեռացվում է ասֆալտի առաջին՝ մաշված շերտը և հետո փոխարինվում նորով: Այստեղ պատասխանատուներն առանձնացնում են Արմավիր ու Ջերմուկ տանող ճանապարհահատվածները: 2022-ին նոր ճանապարհներ կկառուցվեն նաև սուբվենցիոն ծրագրերով, այս պահին համայնքները դեռ հայտեր ներկայացնելու փուլում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում