«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների մի մասից պահանջել են ազատման դիմում գրել

ԱԱրսեն Մկրտչյան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների մի մասը օրը սկսեց բողոքի ակցիայով: Դեկտեմբերի 30-ին ծանուցվել են՝ պետք է ազատվեն աշխատանքից:

Անժելա Նազարեթյան (բուժքույր) - Ամսի 30-ին բոլոր հիմնարկները ստացել են բոնուսներ, պարգևավճարներ, մենք ստացել ենք լուր տանը նստած, որ ես ինքս իմ դիմումի համաձայն պիտի ազատվեմ աշխատանքից:

Հիվանդանոցի փոխնտօրեն Աշոտ Սարգսյանը պարզաբանում է՝ ծանուցում ուղարկվել է 2-րդ մասնաշենքի աշխատակիցներին: Ըստ ցուցարարների՝ խոսքը 85 աշխատակցի մասին է. տնօրինությունը հստակ թիվ չի նշում; Փետրվարի 1-ից սկսվելու է շենքի վերակառուցումը, արդյունքում այն կհամապատասխանեցվի ժամանակակից չափորոշիչներին: Առողջապահության նախարարությունն էլ հավելում է՝ քննարկվում են ծանուցում ստացածների խնդրի լուծման ուղիները:

Առողջապահության նախարարություն - Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ՝ բժշկական անձնակազմին անպայման այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։

Մասնաշենքի վերակառուցումը տևելու է շուրջ 2 տարի: Բուժանձնակազմը երաշխիք է պահանջում, որ այդ ընթացքում առանց աշխատանքի չի մնա: Խնդիր են համարում նաև սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու պահանջը: Փոխտնօրենի ձևակերպմամբ՝ պահանջը տեխնիկական է:

Աշոտ Սարգսյան («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն) - Եթե իրենք գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, թեկուզ ժամանակավոր, բնական է՝ իրենք այնտեղի աշխատակից պետք է լինեն, ոչ թե Ինֆեկցիոն հիվանդանոցի: Դրա համար էլ այդ գործընթացը գնում է հիմա:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ մինչև ազատման օրը կաշխատեն, պացիենտներին չեն թողնի, սակայն իրենց խնդրի լուծման համար կդիմեն օրինական բոլոր մեթոդներին:

Մարիամ Ավագյան (մայրապետ) - Գործադուլի մասին խոսքը որն է, որ եթե 15-ից մենք չենք աշխատելու: Ես մեկ հատ հերթափոխ ունեմ, ես կաշխատեմ. հիվանդը մեղավոր չէ, որ ինձ էս ձևով են հանում դուրս:

Ակցիայի ավարտին ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը բուժաշխատողներին հրավիրեց փակ քննարկման՝ խնդրին հնարավոր լուծումներ գտնելու համար:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում