Պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ հանրային վայրեր այցելելու համար

ՌՌոզա Խաչատրյան

Շուտով ֆիլմեր կամ ներկայացումներ դիտելու, հանրային այլ վայրեր այցելելու համար ձեզնից կպահանջվի ունենալ ոչ միայն տոմս, այլև պատվաստումը հաստատող նման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան:

Ովքեր հեռախոսում ունեն «Արմեդ» հավելվածը, հանրային վայրեր այցելելիս պարզապես ցույց կտան QR կոդը, եթե կանաչ է, ամեն բան կարգին է, տվյալ հաստատություն մուտքն էլ՝ ազատ:

Նունե Բակունց  (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Որոշակի հանրային վայրեր մարդիկ կարող են հաճախել` բացառապես ունենալով կամ ամբողջական պատվաստում, կամ  3 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտություն, կամ ՊՇՌ ապացույց առողջացման, այսինքն՝ հիվանդության առաջին դրական հետազոտությունից պետք է անցած լինի ոչ ավելի, քան 90 օր, ինչպես նաև արագ հակածնային թեստեր:

Հանրային վայրեր այցելելու որոշակի սահմանափակումների մասին առողջապահության նախարարի հրամանն արդեն կա: Ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 15-րդ օրը:

Նունե Բակունց - Այդ հանրային օբյեկտների մեջ մտնում են՝ հանրային սննդի կազմակերպությունները, հյուրանոցային տնտեսությունները, մարզասրահները, մշակութային կազմակերպությունները, գրադարանները, թանգարանները, կինոյի, թատրոնի կազմակերպությունները, այսինքն՝ այն բոլոր վայրերը, որտեղ մարդաշատ է:

Մայր թատրոնում հակահամաճարակային կանոնները պահպանվում են վաղուց, հանդիսատեսին շախմատաձև են նստեցնում: Նոր պահանջն էլ կիրականացնեն:

Վարդան Մկրտչյան (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն) - Թատրոնը պատրաստ է, եթե դա պարտադիր պահանջ է, պատրաստ ենք, բայց ինչպե՞ս, գործիքակազմն անհայտ է:

Քանի որ նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի, այն կիրականացնի տեսչական մարմինը:

Նունե Բակունց - Ստուգվելու է այնպես, ինչպես ստուգվում են կարանտինի ընթացքում գործող բոլոր սահմանափակումները, տեսչական մարմինները:

Մասնագետը հիշեցնում է նոր՝ «Օմիկրոն» շտամի մասին, որն ավելի արագ է տարածվում, քան նախորդները: Այս միջոցառումը ևս մեկ քայլ է բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:

Նունե Բակունց - Ուժի մեջ են մնում և ոչ պակաս կարևոր են նաև մեր մինչև պատվաստումներն առկա պաշտպանիչ միջոցառումները՝ դիմակը, հաճախ ախտահանել ձեռքերը և հեռավորություն պահպանել:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը նշում է՝ որքան էլ սահմանափակումներն օգնեն, վարակի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում