Ղազախստանում գիշերային բախումների հետևանքով 12 ոստիկան է զոհվել

ԱԱրթուր Խաչատրյան

Վերահսկողության տոտալ բացակայություն՝ այսպես կարելի է բնութագրել իրավիճակն անցած գիշեր Ղազախստանի ամենամեծ քաղաքում: Ալմաթին հիշեցնում էր ապոկալիպտիկ ֆիլմ: Կալաշնիկով ինքնաձիգներով զինված քաղաքացիական հագուստով հազարավոր մարդիկ շրջում էին քաղաքում և թալանի նոր թիրախներ փնտրում:

Եթե ցերեկը բողոքի մասնակիցներին հաջողվել էր գրավել Ալմաթիի քաղաքապետարանը և նախագահի նստավայրը, գիշերը հաձակումների ուղղությունը փոխվեց դեպի բանկեր, առևտրի խոշոր ցանցեր և այն վայրեր, որտեղից հնարավոր էր ինչ-որ բան տանել: Սկզբից թալանում, այնուհետև կոտրում, ջարդում կամ հրդեհում էին հասարակական շինությունները:

Գործողությունների էպիկենտրոններից մեկը գիշերը դարձավ Ալմաթիի օդանավակայանը: Ցուցարարներին սկզբում հաջողվեց այն գրավել: Օդային հանգույցի տարածքում հրդեհ բռնկվեց: Այնուհետև ուժայինները հակաահաբեկչական օպերացիա սկսեցին՝ հետ վերցնելով օդանավակայանը:

Գիշերը նաև Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մասնաշենքը հարձակման ենթարկվեց, ինչի հետևանքով այնտեղ պահվող զենքը հայտնվեց հարյուրավոր մարդկանց ձեռքին: Նրանց զինաթափելու համար առավոտյան գործի անցան հատուկ նշանակության զորքերը: Պատերազմի դաշտ հիշեցնող այս կադրերը Ալմաթիի փողոցներում են արվել:

Գիշերային բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալի, զոհվել է 12 ոստիկան, մոտ 300-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Թե քանի քաղաքացիական անձ է մահացել, ճշտված տվյալներ դեռ չկան:

Եթե նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը երկրի առանձին հատվածներում էր արտակարգ դրություն հայտարարել, հետագա զարգացումները ստիպեցին նույնը ռեժիմը տարածել ամբողջ երկրի տարածքում: Գիշերը ցույցերը չեն դադարել նաև այլ քաղաքներում, սակայն դրանք լուրջ բախումների չվերածվեցին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում