Հալեպահայերը Սիրիայի պետական աջակցությամբ վերականգնում են իրենց արհեստները

ՄՄարիա Գաբրիելյան

Սուրիո նախագահական օժանդակության ծրագրէն օգտուեցան նաև հալէպահայեր, որոնք իրենց ցուցաբերած ջանասիրութեան և աննկուն կամքին շնորհիւ յաջողեցան վերականգնել իրենց արհեստները և նոր շունչ տալ անոնց:

Նիւթական աջակցութիւն տրամադրելէ ամիսներ անց ծրագիրը նախաձեռնող կողմը Հալէպի հնամեայ շուկաներէն մէկուն մէջ, որ շուրջ 500 ամեայ պատմութիւնն ունի, կազմակերպեց ցուցահանդէս մը «Արտադրողներ» խորագրով և մասնակցելու հրաւիրեց ծրագրէն օգտուողներ:

Հովիկը հօրմէ ժառանգած է հաստոցագործութեան արհեստը: Տարիներու ընթացքին արհեստին կրած զարգացումները պարտադրած էին անոր քայլ պահել նորութիւններու հետ և յառաջ տանիլ մետաղագործութեան իր արհեստանոցը: Սակայն նոր սարքերու արժեգիները օրէօր կը բարձրանային շրջանցելով նիւթական կարողութեան սահմանները:

Հովիկ Սիլահյան (հաստոցագործ) - Շատ լաւ նախաձեռնութիւն մըն էր նախագահական պալատին կողմէ: Մեր հաստատութիւնը նախապէս կար, բայց որոշ գործիքներ կրցանք աւելցնել և օրըստօրէ աւելի լաւ արդիւնքներ ստացանք: Գործին ծաւալը լայնցաւ:

Հիլտային համար արհեստներու զարգացման աջակցող այս ծրագիրը յուսահատութեան չմատնուելու վերջին փորձն էր: Պատերազմի հետևանքները տանելի չէին անոր համար, և ան որոշած էր նախքան այլ քայլի դիմելը դիմում ներկայացնել այս ծրագրին մասնակցելու:

Հիլդա Մարգարյան (գործարար) - Պատերազմի ժամանակ մենք շատ յուսահատած էինք, շատ անգամ մտածեցինք արտագաղթի այլևս դիմենք: Երբ լսեցինք այս ծրագրին մասին, քաջալերուեցանք ըսինք դիմենք, փորձ մը ընենք, վերջին մեր յոյսերն էին: Դիմեցինք և բարեբախտաբար ընդունուեցաւ մեր ծրագիրը: Ծրագիրս տպագրական գործիք բերել էր, որ մեր շրջանին մէջ բացարձակապէս չկայ: Առինք գործիքը և գործի սկսանք: Այս շատ կարևոր ծրագիր է և պէտք է շարունակուի, որպէսզի մնան և գոյատևն Հալէպի մէջ, որովհետև Հալէպ գաղութը պէտք է պահուի, այսքան պատմութիւն ունինք և սխալ է ձգել ելլելնիս:

ՌաՖՖին արհեստով հաստոցագործ ըլլալով հանդերձ, օգտուելով նախագահի այս նախձեռնութենէն կ՛որոշէ իր տիկնոջ հետ երկրորդ գործ մը հիմնել և մետաղագործութեան զուգահեռ զբաղիլ նաև տպագրական գործով:

ՐաՖՖի Սյուլահյան (տպագրատան սեփականատեր) - Ես և տիկինս միասին տունին մէջ գործիքները դրած ենք և սկսանք կամաց-կամաց մեր գործը զարգացնել, օրինակներ աւելցնել: Սկիզբի շրջանին սկսանք գաւաթներու, գազակներու վրայ տպագրութիւն, իսկ հիմա սկսանք ժայռերու վրայ, քարերու վրայ:

ՌաՖՖին արտադրական իր գործը շարունակելը նուիրատու կողմին շնորհակալ ըլլալու արտայայտչաձև կը համարէ:

ՐաՖՖի Սյուլահյան - Ինչ որ գումար մեզի փոխանցուեցաւ նախագահին կողմէն պարգև մըն էր և մեր աշխատանքին բերումով իրեն շնորհակալութիւն կը յայտնենք:

Կիրօն եւս, ինչպէս մեծաթիւ երիտասարդներ, կրած էին պատերազի հետևանքներ, սակայն ան որոշած էր դէմ դնել յուսալքութեան և նոր քայլ առնել:

Գիրո Արսլանյան (պահածոների արտադրության սեփականատեր) - Իրականութիւնը ըսեմ, մենք տեղ մը հասած էինք որ կը մտածէինք այլևս գաղթել, բայց Փառք Աստուծոյ երբ առինք օժանդակութիւնը ըսինք ետք փորձենք:

Յարութը ելեքտրական խաղավայրերու պատրաստութեան գործով կը զբաղի: Պատերազմի տարիներուն անոր արհեստը վնասներ կրած էր, հետևաբար այս ծրագրէն օգտուիլը վերականգնելու լաւագոյն տարբերակն էր:

Հարութ Փաթանյան (էլեկտրական խաղալիքների արտադրության սեփականատեր) - Ես կը զբաղիմ unipark խաղալիք շինելով, ելեքտրականութեան և մեքանիզմի բաժինը, ըլլայ երկաթը, ֆիպրը, ներկը, և այլն: Մենք պատերազմէն առաջ ալ այս գործով կը զբաղէինք, պատերազմին անշուշտ կաղաց քաղաքի պայմաններուն հիման վրայ: Ես խաղալիքներու գծագրութեան տիզայնի բաժինը, որ computer-ներով կ՛ընեմ, իրենց օժանդակութեամբ աւելի յառաջացայ:

Նախագահին կողմէ տրամադրուած գումարները վերադարձուելով դրութեամբ չէ, որ յատկացուած են դիմորդներուն, այլ ծրագիրի հիմնական նպատակն է քաջալերել երիտասարդ գործատէրերը, արհեստաւորները ու փոքր ձեռնարկատէրերը, մղում տալ անոնց, որպէսզի կարենան յաղթահարել պատերազմի պատճառած տուժումը և կրկին ոտքի կանգնիլ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում