Երևանի մանկական զբոսայգում պատմական կառույցներ են հայտնաբերվել

ՔՔրիստինե Ոսկանյան

Զաքյան-Խորենացու փողոցներին հարող մանկական այգու տարածքում աղյուսե պատերով մշակութային շերտը օրեր առաջ է բացահայտվել: Շինարարական աշխատանքների ժամանակ շինարարները կառույցների հետքեր, խեցու բեկորներ էին նկատել ու տեղեկացրել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի մասնագետներին: Տեղում արշավախումբ է ձևավորվել, հնագետները գործի են անցել:

Մերի Սաֆարյան (Պատմամաշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի ղեկավար) - Բոլոր երեք տեղամասերում բացվեցին կառույցների շինությունների հետքեր, և, որ ամենակարևորն ու հետաքրքիրն էր՝ ջրահամակարգի հատվածը տուֆակերտ փոքր թունելատիպ կառույց է, ձգվում է հյուսիսից հարավ: 

Թե թունելը մինչև ուր է ձգվում, աղյուսաշար շինություններում ինչ կառույցներ են եղել, կավե խողովակներով ջրամատակարարման համակարգը ինչու է կառուցվել՝ բոլոր հարցերի պատասխանները հնագետները դեռ կուսումնասիրեն, բայց պատմական փաստերը համադրելով որոշ ենթադրություններ արդեն ունեն:

Մերի Սաֆարյան - Հին Երևանից գիտենք, որ այս տարածքում գտնվել է Ղանթարի շուկան՝ հարակից խանութներով, նաև Գյուրջի քարավանատունը, ըստ հիշատակությունների՝ մանկական զբոսայգու տարածքում այդ երկու կառույցներն են եղել:

Թե որքանով են պեղված կառույցների մնացորդները՝ կապված այդ երկու օբյեկտների հետ, ցույց կտան ուսումնասիրությունները: Բայց արդեն հասկացել են՝ դրանք 19-րդ դարի երկրորդ կեսի, 20-րդ դարասկզբի կառույցներ են:

Մերի Սաֆարյան - Փոքր տեղամասերից բավականին հարուստ նյութ ենք հայտնաբերել, ունենք ուշ միջնադարից մինչև 20 դար կիրառվող դեղնավուն կավից և դեղին շփոթով պատված խեցեղենի տարբեր բեկորներ և ջրամաններ, կճուճի կամ սափորների բեկորներ, դրսից ներկրված բավականին հետաքրքիր անոթների հախճապակու և ճենապակու բեկորներ:

Բոլոր գտածոները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայում են: Մասնագետները գտնված յուրաքանչյուր դետալ նախ մաքրում են, փորձում վերականգնել:

Տարածքից նաև խորհրդային շրջանի արծաթե դրամ է գտնվել՝ 1923 թ․ Պետրոգրադ: Հետաքրքիր են ջնարակապատ, հախճապակե, ճենապակե տարբեր անոթների կտորները:

Այս տարվա պեղումները փրկարարական էին, եղանակի պատճառով 15 օր են տևել: Եթե ֆինանսավորման հարցը լուծվի, Երևանի կենտրոնում թաքնված պատմությունը մյուս տարի կբացահայտեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում