Պետական ներդրումներով և «Ջինիշյան» հիմնադրամի աջակցությամբ արյան նորագույն կայան կստեղծվի

ՄՄայա Խաչատրյան

Ամանորի հեքիաթին հաշված օրեր են մնացել: Արյունաբանական հիվանդանոցում ամենաշատն են սպասում Նոր տարվա հրաշքին ու մեծ ակնկալիքով դիմավորում Ձմեռ պապին:

Քիմիաթերապիայի կուրսը դեռ չավարտած, կաթիլային շարժական համակարգով քայլող փոքրիկները նույնիսկ չեն մերժում միասին պարելու, ուրախանալու, լուսանկարվելու՝ տոնի հերոսների առաջարկը: Մանուկներին հանձնվեցին նաև տոնական նվերները: Մոտեցող 2022-ից ցանկանում են ամենաթանկը՝ ամուր առողջություն, որ ոչ մի երեխա չհիվանդանա:

Հերմինե Կիրակոսյան - Հունիսից ենք բուժվում, պատրաստվում ենք փոխպատվաստման:

Երեխաներին հյուրընկալված առողջապահության նախարարը ընդգծեց՝ մշտապես կենտրոնի կողքին են՝ օգնելու ընտանիքներին՝ միասին հաղթահարելու ծանր հիվանդությունը:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Վերջին տարիներին պետությունն իր վրա է վերցրել թե՛ դեղորայքային, թե՛ հիվանդանոցային բժշկական օգնության պետական պատվերի շրջանակում երեխաների և մեծահասակների քաղցկեղով պայմանավորված հիվանդությունների բուժումը: Այս տարի էլ ունեցել ենք թե՛ ֆինանսավորման, թե՛ մասնագիտական ներուժի ավելացում:

Հադրութցի 7-ամյա փոքրիկը հոսպիտալացվել էր 2 ամիս առաջ: Ընտանիքի վեց երեխայից հինգերորդն է, մայրիկի հետ տրամադրված է վճռական՝ հաղթահարելու առողջական բարդ խնդիրը: Փոքրիկ Ալեքսը լիարժեք ապաքինման ճանապարհին է: Շաբաթը մեկ գալիս է՝ ստանալու անհրաժեշտ բուժումը, ապա նորից տուն գնում:

Մանկական ուռուցքաբանության խնդիրների համատեղ լուծման, բարձրակարգ բուժօգնության սպասարկման համար նախարար Ավանեսյանը կարևոր է համարում միջազգային գործընկերների հետ պայմանավորվածությունները: Քաղցկեղի դեմ բուժումը թանկ է ամբողջ աշխարհում և միասնական ջանքեր է պահանջում: Նրա խոսքով՝ Ջինիշյան հիմնադրամի աջակցությամբ և նաև պետական ներդրումներով կստեղծվի նորագույն արյան կայան, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:

Անահիտ Ավանեսյան - Կառավարությունը իր հանձնառությունը ապահովելու բարձրակարգ ծառայություն իրարգործելու է: Նախագծման աշխատանքները կավարտվեն, հաջորդ տարվանից կառուցապատումը: Մեծ դեր են խաղում մեցենատները, անհնար է միայն պետական, ապահովագրական միջոցներով, տիկին Հակոբյանի մշտական հոգածությունը երեխաների առողջական խնդիրների, շարունակական է, այսօր էլ փորձում ենք գտնել ճանապարհներ՝ թեթևացնելու նրանց կյանքը:

Սամվել Դանիելյան (Արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Արտասահմանից հյուրեր կան, ոսկրածուծի հալոգեն տրանսպլանտացիա է արվում, 4-ին արել ենք, հուսանք, հայերին էլ կանենք: Ձեռքբերումը կլինի, որ որևէ հիվանդ դրա համար չմեկնի արտասահման:

Ինչպես աշխարհում, Հայաստանում ևս, մշտապես արյան պաշարի կարիք կա: Կենտրոնի ղեկավարը հորդորում է՝ դոնոր դառնալ, օգնել բուժվողներին արագ ոտքի կանգնել, հաջորդ Ամանորը դիմավորել տանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում