ԳԳոհար Սարգսյան

Ինչպես կանխել թոքերի օբստրուկտիվ հիվանդության զարգացումը

Ինչպես կանխել թոքերի օբստրուկտիվ հիվանդության զարգացումը

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) տարածված, կանխարգելելի և բուժման ենթարկվող հիվանդություն է: Այն ընթանում է աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիայով (շնչուղիների նեղացմամբ):

 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ-ից բնակչության մահացությունը զբաղեցնում է 3-րդ տեղը: Նշենք, որ 2019 թվականին ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահացել է շուրջ 3,23 մլն մարդ. մահերի ավելի քան 80%-ը` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
 
ԹՔՕ հիվանդությունը դրսևորվում է կայուն և պրոգրեսիվող ախտանիշների զարգացումով, ինչպիսիք են` հևոցը, դժվարաշնչությունը, հազը` հաճախ խորխարտադրությամբ, արտաշնչման փուլի երկարացումը, սուլող շնչառությունը, հոգնածության զգացողությունը: Որպես բարդություն` հնարավոր է շնչառական և աջ փորոքային սրտային անբավարարության զարգացումը: ԹՔՕ հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են.
 
ծխախոտի օգտագործումը` ակտիվ և պասիվ ծխելը (ԹՔՕՀ դեպքերի շուրջ 80-90%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ),
 
օդի աղտոտվածությունը, ընդ որում, ինչպես արտաքին (մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիայի բարձրացում, մասնագիտական աղտոտումներ` ածխարդյունաբերությունը, ոսկու արդյունաբերություն կամ սիլիցիումի և ապակեպլաստի փոշիների ազդեցություն), այնպես էլ ներտնային (փայտի կամ աթարի այրում` որպես ջեռուցման հիմնական աղբյուր),
 
ժառանգական նախատրամադրվածությունը` ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարություն (ներկայումս լավ հետազոտված ժառանգական պաթոլոգիա, որը բերում է ԹՔՕՀ-ի առաջացման), այլ ժառանգական գործոնների դերը դեռ ուսումնասիրվում է,
 
մանկական տարիքում զարգացող բրոնխիալ ասթման,
 
երեխայի զարգացման առանձնահատկությունները` ներարգանդային զարգացման խանգարումներ, մանկական տարիքում ծանր շնչառական ինֆեկցիաներ:
 
Հիշեցնենք, որ ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացը կանխելու նպատակով, մասնավորապես`
 
ծխելը դադարեցնելը,
 
կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
 
շնչական վարակների դեմ պատվաստումների իրականացումը (գրիպ, կորոնավիրուս):
 
Հարկ է նշել, որ ԹՔՕՀ մշտադիտարկման, վաղ ախտորոշման և բուժման վերահսկման արդյունավետ միջոց է համարվում սպիրոմետրիան:
 
Այն թոքերի ֆունկցիոնալ հետազոտման ամենատարածված ու արդյունավետ թեստերից է, բնորոշվում է բարձր զգայունությամբ, ոչ միջամտական բնույթով և պարզությամբ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում