Խստացված ստուգումներ մսի շուկայում

ՎՎահե Կոստանդյան

Լինի «Անդրոիդ», թե «Այոս» համակարգով աշխատող հեռախոս, հիմա անմիջապես հնարավոր է ստուգել՝ միսը սպանդանոցից է խանութ բերվել, թե ոչ: Ամանորի առևտրով պայմանավորված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում: Առավոտից երեկո տեսուչները պատահականության սկզբունքով կարող են ցանկացած կետ ստուգել:

Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներից, երևանցիներին հայտնի ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածքից: Ստուգումներ իրականացվում են մայրաքաղաքի մսի վաճառքի բոլոր կետերում: Որտեղ է պահվել կենդանին, որտեղ է իրականացվել սպանդը, որքան է եղել քաշը՝ հնարավոր է ստուգել ցանկացած առցանց սքաներ հավելվածով: Եթե քաղաքացի գա ձեզ մոտ, պահանջի 5-րդ ձև, դուք տրամադրում եք: Անպայման 5-րդ ձև: Ահա, ես արդեն բացեցի փաստաթուղթը.  421 կիլոգրամանոց խոզի մսեղիքի մորթ է իրականացվել, որից 39.7 կիլոգրամը եկել է այս խանութ:

Խորենացի փողոցում մսի 36 տաղավար կա: Տեսուչների այցերն ամենօրյա են: 8 տնտեսվարողի մոտ արձանագրվել է անհամապատասխանություն՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, տաղավարներից մի քանիսում չեն պահպանվել սահմանված պահանջները: Կազմված արձանագրություններով կսահմանվի վարչական պատասխանատվություն: Միայն արձանագրություն կազմելով դժվար է պայքարել բակային մորթի դեմ՝ ասում է ՍԱՏՄ ներկայացուցիչը: Քաղաքացիները ևս պետք է խստապահանջ լինեն:

Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Կարող են հաճախորդները պահանջել՝ արդյոք սպանդանոցայի՞ն ծագման է, թե՞ ոչ, որ նոր գնեն, եթե սպանդանոցային ծագման թուղթ չունեն, թող գնումներ չանեն:

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարածքում վիճակը որոշակիորեն բարելավվել է,- ասում են տեսուչները: Մսի իրացման շուկաներում ուժեղացված հսկողությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում