ԱԱրևիկ Աբելյան

ՍԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացնում մսի տաղավարներում

ՍԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացնում մսի տաղավարներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում:

 
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:
 
Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացու փողոցի մսի տաղավարներից (ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածք) և կշարունակվի Երևանի մսի վաճառքի բոլոր կետերում: Այսպիսի խստացման նպատակն է նախևառաջ հսկել ստացված մսի ծագումը և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:

Տեսչական մարմնի մասնագետներն արդեն եղել են գործող 26 տաղավարներում, ստուգել  ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:

 

8 տնտեսավարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, նաև՝ տաղավարներից մի քանիսում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:

 

Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն:

 

ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե՛ մսի տեղափոխման պայմանները, թե՛ տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը:

 

Մսի իրացման շուկաներում ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ դրա արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը՝ 2022 թ. առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին:

 

ՀԻՇԵՑՈՒՄ

 

Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020 թ. հուլիսի 1-ից:
 
Դա ենթադրում է՝
 
• բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն.
• մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ.
• վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

 

Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար ՍԱՏՄ-ի կողմից տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:

 

5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով:

 

Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 

Կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք ձեռք բերող-իրացնողը, սպառողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR կոդի միջոցով՝ տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում