Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Լավրովն արձագանքել է

ՍՍոնա Աղբալյան

Հայաստանի պատվաստված քաղաքացիներին թույլատրվել է այցելել Մալթա՝ Covid-19-ի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջով: Մալթան որոշել է ճանաչել նաև Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի տրամադրած պատվաստման վկայագրերը: Որպեսզի Մալթայում պատվաստման վկայականը ճանաչվի, անձը պետք է պատվաստված լինի Դեղերի եվրոպական գործակալության հաստատած պատվաստանյութերից մեկով և ստացած լինի անհրաժեշտ բոլոր չափաբաժինները, նաև վերջին չափաբաժնի ընդունման օրվանից պետք է անցած լինի առնվազն 14 օր: Այսպիսով` կթույլատրվի Հայաստանի այն քաղաքացիների մուտքը Մալթա, որոնք պատվաստվել են AstraZeneca, Moderna, Johnson & Johnson և Pfizer/BioNTech պատվաստանյութերով:

*****

Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը: Հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության գործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպման շրջանակում Տոյվո Կլաարն ընդգծել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման, վստահության մթնոլորտի ձևավորման գործում:

*****

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Մոհամմեդ Բաղերին ռուսաստանցի պաշտոնակից Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը քննարկել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները: Ասել է գեներալը՝ Ռոսսիա 24-ի հետ հարցազրույցում: Նա ընդգծել է, որ այդ հարցում Իրանն ու Ռուսաստանը մոտ տեսակետեր ունեն: Հանդիպման օրակարգում եղել են նաև Սիրիայի և Աֆղանստանի հարցերը:

*****

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած երկրները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, չպետք է որոշեն մարդկության ճակատագիրը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Էրդողանի այս դիտարկմանը և ասել, որ համամիտ կլիներ այս մոտեցման հետ, միայն թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի էլ հավակնում այդպես անել: Խորհուրդն անում է միայն այն, ինչ իրեն լիազորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ասել է Լավրովը:

*****

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանում այդ երկրի զինված ուժերն սկսել են հերթական զորավարժությունը: Սեպտեմբերի սկզբին նույնպես Բերձորից ոչ հեռու անցկացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանք:

*****

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցմամբ Իրանից Հայաստան տարանցման ճանապարհը և ժամանակը զգալիորեն կկրճատվեն, ու այդ երթուղին կկարողանա մրցել Հյուսիս-Հարավ միջանցքի մյուս երթուղիների հետ: «Իրան» օրաթերթի հետ զրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլա Խադեմին: Նա նշել է, որ դա բավականին մեծ ու ծախսատար նախագիծ է: «Այս ճանապարհն Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան, Կովկաս և Եվրոպա հաղորդակացական ուղի է: Այն տարածաշրջանային և միջազգային նշանակության տրանսպորտային միջանցք է, և Իրանը կմասնակցի Հայաստանի այս ծրագրին»,- ասել է իրանցի պաշտոնյան: Խադեմին անդրադարձել է նաև Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը և նշել, որ այն նախկին ճանապարհից կարճ է և տարանցման ծախսերը կկրճատվեն:

*****

Ադրբեջանը սաբոտաժի է դիմել Իրանից Ռուսաստան արտահանման հարցում և խոչընդոտում է դրան՝ հայտարարել է ռուս-իրանական առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը: Ըստ նրա՝ Իրանից Ռուսաստան արտահանումների 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է Աստարայի անցակետով: Ադրբեջանը չի կարող ուղիղ հայտարարել, որ փակել է այն, որովհետև այդտեղ կա ռուսական գործոնը: «Աստարայում բեռնատարների՝ 10 կմ հասնող հերթեր են գոյանում, քանի որ ադրբեջանական կողմը տարբեր խոչընդոտներ է ստեղծում՝ պատճառաբանելով, թե էլեկտրականություն չկա, ռենտգեն սարքը չի աշխատում, թմրանյութ փնտրող շներ չկան»,- նշել է պաշտոնյան:

*****

ԱՄՆ-ն F-16-երի հետ կապված որևէ առաջարկ չի արել Թուրքիային՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Վաշինգտոնն առաջարկել է այդ կործանիչներ տրամադրել Թուրքիային՝ F-35 կործանիչների ծրագրի համար տրված կանխավճարի դիմաց: F-35 կործանիչների արտադրման ծրագրից Անկարան հեռացվել էր ռուսական С-400 համակարգեր գնելու համար: «Թուրք պաշտոնյաները հրապարակայնորեն խոստովանել են F-16 կործանիչներ գնելու իրենց հետաքրքրությունը, թեև Վաշինգտոնն այդպիսի առաջարկ չի արել»,- ասել է Նեդ Փրայսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում