Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ամփոփել է այցն Արցախ

ՇՇողիկ Գալստյան

Արցախում դեռ նկատելի է հետպատերազմյան շոկը: Կյանքը, սակայն, վերադառնում է բնականոն հուն՝ ասում է «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Իշխանության ներկայացուցիչը երեկ է վերադարձել Ստեփանակերտից: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, այնտեղ էր՝ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առիթով:

Արմեն Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Նկատելի էր՝ մարդկանց դեմքին տխրություն կար, հասկանալի է՝ կորուստներ ունեն, բայց մեր դիտարկումները ցույց տվեցին, որ արդեն սկսում են ուրախ միջոցառումներ անցկացնել: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց բնականոն հունի մեջ կընկնեն:

Ըստ պատգամավորի՝ Արցախում մշակվում և իրականացվում են մի շարք տնտեսական և սոցիալական ծրագրեր: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատերազմից հետո արդեն 90 միլիարդ դրամից ավելի սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումներ է իրականացրել Արցախում:

Օրենսդիրները, բացի պաշտոնական հանդիպումներից, եռօրյա այցի շրջանակում հասցրել են շփվել նաև քաղաքացիների, զինվորականների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

Արմեն Խաչատրյան - Հարցեր կային, որոնք վերաբերում էին զինվորականներին, թոշակի անցնելու խնդիրներին, սոցիալական խնդիրներին, նրանք ուզում էին հասկանալ հեռանկարը:

Պատերազմից հետո ամենակարևոր խնդիրն անվտանգային միջավայրն է: Խաչատրյանի գնահատմամբ՝ թեև ռուս խաղաղապահների ներկայությամբ անվտանգությունը երաշխավորված է, այդուհանդերձ մարդիկ սպասելիքներ ունեն:

Արմեն Խաչատրյան - Որ իրավիճակն ավելի լավ լուծումների կգնա, անվտանգության հարցն էլ իրականացվում է ռուս խաղաղապահների միջոցով՝ բավական ակտիվ, բավական պրոֆեսիոնալ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որը ևս պատվիրակության կազմում էր, շեշտում է՝ ինքը ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգությանն առնչվող հարցերին: Պնդում է՝ չնայած առանձին դեպքերի, հրադադարի ռեժիմը պահպանվում է խստորեն:

Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Մեզ համար դա շատ կարևոր է և այդ ռեժիմի հետ է կապված, թե ինչ արագությամբ կլուծենք խնդիրներն Արցախում և ձեռնամուխ կլինենք բուն Արցախի խնդիրների լուծմանը:

Քոչարյանը կարևորում է հաճախակի այցերն Արցախ, ասում է՝ դա կարևոր է նաև անվտանգության տեսանկյունից: Ինչ վերաբերում է հոբելյանական 30-ամյակը համեստ նշելու փաստին, իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ այս փուլում դա ճիշտ որոշում էր:

Անդրանիկ Քոչարյան - Գալու է այդ պահը, որ Տերտերյանի սիմֆոնիան այնտեղ կհնչի, որը կարձանագրի հաղթանականեր, իսկ հաղթանակները միայն ռազմական չեն, նաև լիարժեք կյանքն է, իսկ կյանքը տնօրինում է մարդը, որը պետք է ամուր կանգնած լինի հողի վրա, իսկ մարդուն պետք է տեսնենք Արցախում:

Իշխանական պատգամավորները կտրուկ հերքեցին մամուլում շրջանառվող լուրերը, թե Արցախ այցի ժամանակ միջադեպ է գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում