Մարտակերտում տուն ներխուժած ադրբեջանցուց դեռահասները կարողացել են խույս տալ

ՆՆարեկ Սահակյան

Օգոստոսի 25-ի ժամը 11-ի կողմերն ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը Մարտակերտի Տերյան փողոցում Սարգսյանների բնակարան է ներխուժել պատշգամբից: Նկուղից հանել է աստիճանը և տուն բարձրացել: Ծնողներն աշխատանքի էին, իսկ 14-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթն ու Սասունը նոր էին արթնացել:

Սասուն Սարգսյան (Մարտակերտի բնակիչ) - Ներքևից 5 րոպեն մեկ խփում էր, մտածում էինք՝ կատու է վազվզում: Մեկ ժամ հետո, երբ ես ու Դավիթը արթնացել էինք, թեյ էինք խմել ու խաղում էինք: Հետո ձայներ լսեցինք տանը:

Ձայների ուղղությամբ տղաները գնացել և պատշգամբում հանդիպել են ադրբեջանցի զինծառայողին: Նա սպառնալով դանակով՝ հասկացրել է, որ պետք է լռել, հետո՝ հաց ու ջուր ուզել: Այդ ընթացքում մայրը զանգել է երեխաներին, բայց Դավիթն ու Սասունը չեն ասել միջադեպի մասին, որ մայրը խուճապի չմատնվի:

Բելլա Սարգսյան (Մարտակերտի բնակիչ) - 11.30-ին զանգեցի, ասացի, որ պայուսակ եմ ուզում իրենց համար գնել: Ասացին՝ այո: Այնպես են իրենց պահել, որ ես չեմ էլ իմացել, որ նրանց մոտ մարդ կա: Ինձ հետ խոսել են սովորականի պես, ինչպես միշտ՝ հանգիստ:

Արցունքները չթաքցնելով՝ Բելլան հիմա է համոզվում՝ Դավիթն ու Սասունը մեծացել են: Հասկանալով, որ հարևանությամբ բոլորն աշխատանքի են, եղբայրները փորձել են իրավիճակից դուրս գալ հնարավորինս հանգիստ: Տնից դուրս գալու պատրվակ են ընտրել ծխախոտ բերելը:

Դավիթ Սարգսյան (Մարտակերտի բնակիչ) - Ասել է՝ գնա, ծխախոտ բեր, մենք տնից փախել ենք, հողաթափերը հագել ու դուրս ենք եկել: Գնացել ենք դպրոցի մոտ, զանգել քեռուն՝ ասել, որ տուն թուրք է մտել: Ասել է՝ լավ, հիմա կգանք, գնացել է, ոստիկանի հետ եկել, բռնել:

Որդիների արարքով հայրը հպարտանում է: Կողմնորոշվելով իրավիճակում՝ երեխաները կարողացել են խուսափել դժբախտ պատահարից, ինչը գուցե ավագները չկարողանային անել, ասում է Արթուրը:

Արթուր Սարգսյան (Մարտակերտի բնակիչ) - Որպես ծնող կասեի՝ իրենց գործն արել են: Էլի են անելու, բայց ավելի շուտ են արել: Ես հպարտանում եմ:

Ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու, անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում