ԳԳոհար Սիմոնյան

ԱՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի առցանց քննարկմանն անդրադարձել է գերիներին ապօրինաբար Ադրբեջանում պահելու խնդրին

ԱՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի առցանց քննարկմանն անդրադարձել է գերիներին ապօրինաբար Ադրբեջանում պահելու խնդրին
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված առցանց քննարկմանը:
 
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։
 
Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։
 
Պաշտպանը անդրադարձել է 2020 թվականի աշնանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև ներկայացրել ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։
 
Նա մատնանշել է տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։
 
Անդրադառնալով հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց ապօրինաբար Ադրբեջանում պահելու խնդրին՝ Պաշտպանն անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող շինծու և հակաիրավական դատավարությունների հարցում և պնդել, որ միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում։
 
Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերը և նշել, որ չնայած հայկական մշակութային կոթողներին սպառնացող վտանգի մասին պարբերաբար ահազանգերին՝ միջազգային համապատասխան մարմինները և, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հստակ քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակույթը ոչնչացումից փրկելու համար։
 
Գեղամ Ստեփանյանը դատապարտելի է համարել Արցախի մեկուսացումը միջազգային հանրության կողմից՝ շեշտելով, որ հենց մեկուսացման պատճառով է, որ միջազգային հանրությունը խորությամբ չի գիտակցում խնդրի էությունը, որը ոչ թե տարածքային վեճ է, այլ Արցախի ժողովրդի պայքարն է իրենց իրավունքների պաշտպանության համար։
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում