Արցախի դպրոցներում սեպտեմբերին կգործի «Երկարօրյա դպրոց» ծրագիրը
Արցախի Հանրապետության կառավարությունը 2021 թվականի սեպտեմբերից սկսում է «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը՝ տեղեկացնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:
Ծրագրի իրագործման արդյունքում արդյունքում եռամյա ժամկետում Արցախի բոլոր դպրոցներում կներդրվի երկարօրյա ծրագիր՝ ապահովելով դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։ Միջազգային լավագույն փորձի վրա հիմնված այս ծրագրի նպատակն է՝
բարձրացնել կրթության որակը՝ ամրապնդելով դասի ժամանակ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները.
ապահովել դասապատրաստման հավասար պայմաններ և ստեղծել ժամանցի նոր ձևեր.
ուժեղացնել աշակերտի կապը սեփական համայնքի հետ ու ստեղծել նոր աշխատատեղեր.
ապահովել բալանսավորված սնունդ սովորողների համար.
ուժեղացնել քաղաքացիական գիտակցությունն ու գրավիչ դարձնել Արցախի համայնքները:
«Երկարօրյա դպրոց» ծրագիրը բխում է մասնակցային կրթության և կրթական համակարգի արդարության սկզբունքներից: Ըստ այդմ, սփյուռքի և տեղական հիմնադրամները կֆինանսավորեն դպրոցների արդիականացումը, ԱՀ և ՀՀ կառավարությունները կապահովեն մանկավարժների վարձատրությունն ու վերապատրաստումը, համայնքները կօգնեն շենքային և այլ ռեսուրսներով, դպրոցի ուսուցիչները, ծնողներն ու աշակերտներն էլ միասին կձևավորեն ու կիրագործեն երկարօրյայի սեփական կարգացուցակը։