ԶՈՒ-ն վիրավորներին օգնելու համար հատուկ կահավորված բեռնատարներ է ստացել

ՀՀերմինե Բաղդասարյան

Ամերիկյան ոճի, Երևանում հավաքվող այս բեռնատարների վրա «Հայկական բանակ» նշումը դաջեցին պատերազմի առաջին օրերից: Ձեռնարկությունն AA Truck-ն է, տարածքում 40 հսկա մեքենա է կանգնած:

Արմեն Գագիկյան (AA Truck ընկերության տնօրեն) - Ցուցում տրվեց ինձ հիմնադրի կողմից, որ մեքենաները, ինչ ունենք, ամբողջությամբ պետք է ծառայեն հայոց բանակին: 

Հաջորդ քայլով պաշտպանության նախարարության հետ քննարկել-որոշել են տրանսպորտային միջոցները վերակահավորել, հարմարեցնել մի քանի տիպի բժշկական օգնության համար:  

Գաբրիել Կիրակոսյան (AA Truck ընկերության աշխատակից) - Մի օրում կահավորում ենք:

Բանակին արդեն փոխանցած բեռնատարներ կան՝ ռեանիմացիոն մահճակալով են: Թիվ չեն հրապարակում: Որոշ ինֆորմացիա գաղտնի է: Ունեն նաև մոբիլ վիրահատարանի տարբերակ: Բժշկական տեխնիկայի հարցում՝ մասնագիտացած ընկերություններն են օգնում: Հայկական զինուժն ինչի կարիք ունի, տվյալ պահին ինչ պահանջ ներկայացնում է՝ դա են արագ սարքում, սահման պահող զինվորի համար աշխատում մի քանի հերթափոխով: 

Ադրբեջանի ռազմական ագրեսիան չլիներ, այս մեքենաները սնունդ կտեղափոխեին, կդառնային շարժական վաճառակետ կամ անիվների վրա գրադարան՝ բիբիլոբուս: Այդ ամենի փոխարեն հիմա մտածում են հրատապ օգնության ինչ դետալ ավելացնել ավտոյում: Լրացուցիչ դուռ են բացել:   

Բիզնեսի՝ բանակին բեռնատարների խոշոր խմբաքանակ նվիրելու հենց այս նախաձեռնության մասին էր Ինսթագրամի իր էջում գրել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայազգի Սերժ Թանկյանը, տեսանյութ տեղադրել լոսանջելեսաբնակ գործարար Վահե Կարապետյանի և «Տաշիր» բարեգործականի համատեղ ընկերության ավտոպարկից:

Արմեն Գագիկյան - Նվերը ես չեմ կարող գնահատել, արժեք չեմ համարում՝ դա մեր պարտքն է, բայց կոմերցիոն տեսակետից մեր ավտոպարկը 4.4 մլն դոլարի շրջանակներում է:

Գումարը, գույքը, որ խաղաղության համար է, առանց երկար մտածելու են տվել: Բեռնատար հավաքող այս ընկերությունում նույնպես անհամբեր են՝ պատերազմը շուտ ավարտվի՝ մեքենաների մնացած մասը բանակի համար ոչ թե հոսպիտալ, այլ շարժական լոգարան, կուզեն՝ զինվորի ռեստորան սարքեն: Թող միայն ասեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում