Արցախի նկատմամբ ագրեսիայից առաջ Ադրբեջանը Թուրքիայից հարձակողական զենքի ահռելի խմբաքանակ է ստացել

ԱԱրթուր Խաչատրյան

2020 թվականի ինը ամսում Թուրքիան 123 միլիոն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, ինչը 100 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հատկանշական է, որ մատակարարումների զգալի մասը թվագրվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, այսինքն՝ Բաքուն զենք է ստացել հենց պատերազմի նախաշեմին:
 
Թուրքիան Բաքվին վաճառում է սեփական արտադրության զենք: Դրանց շարքում առանցքային են անօդաչու թռչող սարքերը: Պատերազմական գործողությունների առաջին օրերից պարզ դարձավ, որ Ադրբեջանն օգտագործում է հարվածային-հետախուզական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Այս սարքը լայն կիրառում է գտել նաև Լիբիայում: Թե քանի՞ նման ԱԹՍ ունի Ադրբեջանը՝ բաց աղբյուրներից բարդ է հասկանալ: Միայն 2020 թվականին Բաքուն ստացել է վեց միավոր: Ադրբեջանը փաստացի փոխանցել է իր օդուժի կառավարումը Թուրքիայի ռազմական ղեկավարությանը:

Լեոնիդ Ներսիսյան (ռազմական փորձագետ) - Այն ոլորտները, որտեղ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, լուրջ նշանակություն են ունենում պատերազմում: Առաջին հերթին դա վերաբերում է օդում գործողությունների կառավարմանը, ռազմաօդային ուժերի ղեկավարումը, ինչպես նաև ապահովում է «Բայրաքթար» ԱԹՍ-ների օպերատորներով:

Պատերազմի սկզբնական փուլում նաև հայտնի դարձավ թուրքական արտադրության մի շարք համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառման մասին: Խոսքն առաջին հերթին T-300-ի մասին է:

Թուրքիան Բաքվին մատակարարել է նաև SOM տեսակի թևավոր հրթիռներ: Այս զինատեսակների զգալի մասն Ադրբեջանը կիրառել է նաև խաղաղ բնակչության դեմ: Հենց ԱԹՍ-ների միջոցով կամ դրանց տեղորոշած և փոխանցած տվյալներով են խոցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների մի մասը:

Բացի դրանից, տարածաշրջան ահաբեկիչների հավաքագրման և տեղափոխման ամբողջ գործընթացը կառավարվում է հենց Թուրքիայի կողմից: 

Պատերազմի նախաշեմին Ադրբեջանը Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել՝ մեծ ծավալի տեխնիկայի ներգրավմամբ: Հավանական է, այդ տեխնիկայի մի մասը մնացել է Ադրբեջանում և այժմ օգտագործվում է պատերազմում:
 
«Ադրբեջանում եղած տեխնիկայից առավել կարևոր էր ավիացիան: Արդեն հայտնի է, որ F-16 ինքնաթիռները մնացել են այդ երկրում զորավարժություններից հետո: Փաստն ապացուցված է ինչպես արբանյակային լուսանկարներով, այնպես էլ Իլհամ Ալիևն է ընդունել այդ փաստը»:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ այդ կործանիչները ոչ միայն մնացել են Ադրբեջանում, այլև խորքից ակտիվ կիրառվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում