Facebook-ը փակել է Իլհամ Ալիևի քարոզչությունն իրականացնող ցանցը

ԱԱրթուր Խաչատրյան

Մինչ հայ և արտասահմանցի լրատվամիջոցները, մեղմ ասած՝ անապահով պայմաններում, Արցախում իրենց մասնագիտական պարտականություններն են կատարում, լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և նրանց թույլ տան ազատ լուսաբանել իրադարձությունները»:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի CPJ ծրագրի համակարգող Գուլմոզա Սաիդը կոչ է արել հարգել լրագրողների իրավունքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի եկեղեցու հրթիռակոծման ժամանակ ծանր վիրավորվել է ռուս լրագրող, հայտնի բլոգեր Յուրի Կոտյոնոկը: Մինչ այդ վիրավորում էին ստացել նաև ֆրանսիացի և հայ լրագրողներ: Ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողն այստեղ վիրահատվելուց հետո բուժումն այժմ շարունակում է Ֆրանսիայում:

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքի էջում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ադրբեջանական գնդակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիացի լրագրողին:

Ջոնաթան Լաքոթ - Դա մեկ շաբաթ առաջ էր. Ալան Կավալն ու Ռաֆայել Յաղոբզադեն, ովքեր լրջորեն տուժել էին հրետանային ռմբակոծությունից Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, տարհանվեցին Ֆրանսիա՝ Ստեփանակերտի և Երևանի միջոցով Մարտունուց Փարիզ իրականացված հիանալի մարդասիրական գործողությունների շնորհիվ: 

Ես երբեք չեմ մոռանա այն հուզմունքն Էրեբունի հիվանդանոցում, մինչ սպասում էի ուղղաթիռի ժամանմանը: Ես երբեք չեմ մոռանա թեթևությունն ինքնաթիռի մեկնելուց հետո: Ես երբեք չեմ մոռանա այն վերակենդանացման բաժանմունքը, որտեղ մեր լրագրողների կողքին էին ճակատից բերված երիտասարդ վիրավորները, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում իրենց վրա կկրեն վերապրածը:

Իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցը որոշում է կայացրել փակել ադրբեջանական քարոզչական էջերը: Պարզվել է, որ մի շարք էջեր աշխատում են կոնկրետ Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի իշխող կուսակցության քարոզչության համար: Ֆեյսբուքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ փակելու է քարոզչական ցանցի 589 օգտահաշիվ, 7906 ֆեյսբուքյան էջ և 447 ինստագրամի օգտահաշիվ: 

Ֆեյսբուքի ղեկավարությունը պարզել է, որ այս բոլոր էջերը կապված են նույն՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ, և բացի Ալիևի օգտին քարոզչություն իրականացնելուց՝ հերքում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում