ԼԼիլիթ Գասպարյան

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ռազմական գործողությունները․ ԱԳ փոխնախարար

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ռազմական գործողությունները․ ԱԳ փոխնախարար

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Նա նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի:

Արտակ Ապիտոնյանը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, և շարունակվող ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ստեղծում Արցախի 150 հազար ազգաբնակչության գոյութենական անվտանգության համար։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիտավորյալ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները (հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ և այլն)՝ օգտագործելով նաև կասետային մահացու զենք։

Նախարարի տեղակալը հավելել է, որ ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում են։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությանը, որի անմիջական աջակցության արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների աշխարհագրությունը տեղափոխել է նաև ՀՀ տարածք՝ մասնավորապես թիրախավորելով Վարդենիսի շրջանի քաղաքացիական բնակչությանը։ Նա նշել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների՝ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում  ներգրավելու հանգամանքի մասին։ Ապիտոնյանը հավելել է, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի նման գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Արտակ Ապիտոնյանը բարձր է գնահատել Բարձր հանձնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված կոչը և հավելել, որ, չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերին՝ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։

ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և համոզմունք հայտնել, որ Արցախի ժողովրդին միջազգային հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ Արցախի կարգավիճակից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում