ԱԱրման Գալոյան

ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարությամբ կոչ է արել աշխարհի երկրների խորհրդարաններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Հաշվի առնելով, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, զինված հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով,

Ընդգծելով Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը,

Խոր մտահոգություն հայտնելով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներգրավվման փաստի կապակցությամբ,

Հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների խախտումներով, ներառյալ՝ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ մայրաքաղաք
Ստեփանակերտի դեմ ոչ ընտրողական և մեծ կործանարարություն ունեցող զինատեսակների կիրառմամբ, որի արդյունքում քաղաքաղիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ,

Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության, ինպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղութան վերականգնմանը, և միևնույն Ժամանակ, ափսոսանք
հայտնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով այդ քայլերը գործնական արդյուքն չեն տվել,

Ընդգծելով, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի խաղաղ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ 1988 թ․ սկսված Արցախյան
ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր,

Ճանաչելով, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչընդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն՝ 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և
Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով»,- նշված է ԱՀ ԱԺ հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում