ԱՄՆ պետքարտուղարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել Ադրբեջան ճանապարհորդելուց, քանի որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ: «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են հնարավոր հարձակումներ ծրագրել: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։ ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցնում է նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:










