Ադրբեջանի բանակը բարդ պայմաններում է «հակահարձակողական» գործողություն իրականացնում հայկական զորքերի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:
«Այստեղ ռելիեֆը դժվար հասանելի է, ինչպես գիտեք, դրանք հիմնականում լեռնային գոտիներ են: Չնայած այս դժվարություններին՝ Ադրբեջանի զինված ուժերը քայլ առ քայլ առաջ են շարժվում: Ներկայումս Մռավում ձյուն կա, ձմեռային պայմաններ են: Կլիմայական բարդ պայմաններում, 3300-3500 մ բարձրության վրա, մեր զինվորները քաջաբար կռվում են՝ ազատագրելով մեր հողերը»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի «գրավյալ տարածքներում» կառուցվել են ամրացման խոր համակարգեր:
EaDaily-ն նշել է, որ սա իրականում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին խոստովանությունն է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի զինված ուժերի «հակահարձակողական» գործողությունն ընթանում է «բարդ պայմաններում»: Հայտարարությունն արվել է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վեցերորդ օրը:
Մինչդեռ, ինչպես կայքն է նկատել, ադրբեջանական կողմը շտապել էր Լեռնային Ղարաբաղի առաջնագծի հյուսիսային հատվածում կարևոր ռազմավարական դիրք համարվող Մռավի լեռնաշղթայի Մռավի բարձունքի «ազատագրման» մասին հայտարարել մարտական գործողությունների առաջին իսկ օրը:










