ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը քննադատում է Թուրքիայի «ռազմատենչ» հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Մակրոնը քննադատում է Թուրքիայի «ռազմատենչ» հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անընդունելի է համարել Թուրքիայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը, որը խրախուսում է Ադրբեջանին վերանվաճել Լեռնային Ղարաբաղը: Միաժամանակ Մակրոնը նշել է, որ այս փուլում որևէ ապացույց չունի հակամարտությանը Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին, հաղորդում է Reuters-ը:

«Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով, որոնք, ըստ էության, ազատություն են տալիս Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու հարցում: Եվ դա մենք թույլ չենք տա»,- հավելել է Մակրոնը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ Ադրբեջանը «պետք է իր ձեռքը վերցնի իրավիճակը», իսկ «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին իր ամբողջ ռեսուրսներով և սրտով»:

Ֆրանսիայի նախագահն էլ իր աջակցությունն հայտնել Հայաստանին ու հայերին.

«Ես վերստին խոսքս ուղղում եմ Հայաստանին և հայերին։ Ֆրանսիան հավատարիմ է մնալու իր դերին, և մենք զգոն կլինենք՝ հարգելով ընտանիքները, մարդկանց, ինքնիշխանությունը: Մենք չենք հանդուրժելու սրացման որևէ փորձ»։

«Արձանագրված է, որ կրակոցներն Ադրբեջանի կողմից են եղել։ Ես պահանջել եմ անհապաղ դադարեցնել այդ հարձակումը և խստագույնս դատապարտել եմ, ըստ ինձ, այդ անհամաչափ գործողությունները: Բոլորը պետք է վերադառնան հրադադարին։ Ես զորակցում եմ զոհերի ընտանիքներին»,- ասել է Մակրոնը:

Դիտարկմանը ի պատասխան, թե Հայաստանը պնդում է, որ թուրքական կործանիչը խոցել է իր ռազմական ինքնաթիռներից մեկը, այնինչ Թուրքիան հերքել է, Մակրոնը ասել է, որ մինչ օրս չունի ապացույց տարածաշրջանային խաղացողների ներգրավման մասին և նախընտրում է զգույշ լինել, քանի դեռ չեն պարզվել փաստերը:

Մակրոնն ասել է, որ չորեքշաբթի երեկոյան հարցը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հինգշաբթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում