Մենք ամուր պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովի հատուկ նիստի օրակարգում «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, անդրադառնալով հակառակորդի գործողություններին, ասաց, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղն օկուպացնել, և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև ՀՀ-ի  սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է  մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք ընդհանուր զորահավաքի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ արձագանքնելու հնարավորություն ունենանք:

Այս պահին Արցախի Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով՝ հատկապես հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մղում է մարտեր: Իրադրությունը լարված է: Ցավոք, ունենք զոհեր, քանի որ ի սկզբանե թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում: Հարված է հասցվել նաև Ստեփանակերտին, այլ բնակավայրերին: Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ադրբեջանական ագրեսիան: Այս պահին մենք ֆիքսված իրավիճակ չունենք: Իրավիճակը գտնվում է զարգացման մեջ: Մեր զինվորականներն ասում են, որ իրավիճակի գնահատականը հետևյալն է, որ լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ, ըստ էության, այդ պատմության կոնտեքստն այն է, որ  ժողովրդի առաջ երկընտրանք է դրվում՝ կա՛մ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կա՛մ ստանալ պատերազմ:

«Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը՝  կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից կամ Արցախի հայության իրավունքներից, կամ  ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ: Այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի»,- ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ ժողովուրդը պետք է ամուր կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում: «Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և գուցե ամենակարևոր հանգրվանն է: Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի՝ մենք ունե՞նք ներուժ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե՞ մենք այդպիսի ներուժ չունենք: Մենք ամուր պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս հողը, սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում