ՀՀայկարամ Նահապետյան

ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են անում

ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են անում

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ, տեղեկացնում է Ռազմինֆո կայքը:

Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքէջից։ Դեսպանատունը նաև հորդորել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին, զգուշություն ցուցաբերել հանրային տարածքներում և խուսափել բազմամարդ ցույցերից:

Ավելին, դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին էլ է թելադրել Ապշերոնի թերակղզուց դուրս չճամփորդել։

Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին է դիմել նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորում են խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից, ներառյալ «Դիլիջան» ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Նաև կոչ է արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։

Ուշագրավ է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ին մարտերի ժամանակ ևս զգուշացնում էր, սակայն այն ավելի սահմանափակ էր. հուլիսին կոչ էր արվում խուսափել միայն մարտական գործողությունների գոտուն հարակից Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց։ Բացի այդ՝ զգուշացնող հայտարարությունն արվել էր միայն հուլիսի 15-ին (նախորդ օրը սպանվել էին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի շտաբի պետն ու հրետանու պետը)։ Հայաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիների համար հուլիսին նման զգուշացում չէր հրապարակվել։

Ինչպես արդեն գրել ենք, վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան՝ գրում է Ռազմինֆոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում