ԿԿարմեն Ղուկասյան

Բաքվի հայտարարությունները Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից. Արայիկ Հարությունյան

Բաքվի հայտարարությունները Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախագահը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Նա նշել է, որ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները, որոնք, սակայն, ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱՀ պետական մարմինների կառուցվածքային և առանձին ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները և պահպանման ծախսերի հաշվարկման նորմաները սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի քննարկումը, որի հիման վրա մինչև տարեվերջ պետք է կազմվի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը:

ԱՀ նախագահն ասել է, որ սկսված են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները, որոնց զուգահեռ՝ գրեթե պատրաստ է միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաստաթուղթը: 2021 թվականի պետական բյուջեի ձևավորման և ադյունավետության բարձրացման առումով տարբեր ձևաչափերով քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի հետ:

Նախագահի խոսքով՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքվել է հուշագիր, որի արտացոլումը պիտի լինի նաև պետական բյուջեի նախագիծը, որը կազմելուց հետո կներկայացվի ԱՀ Ազգային ժողով, իսկ ընդունվելուց հետո այն կլինի հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հանրությանը մտահոգող մի շարք հարցերի և տվել դրանց պատասխանները:

«Մեկ անգամ ևս հավաստում եմ, որ նախագահի ծրագիրը կազմված է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրից ելնելով: Երկիրը ղեկավարում է հանրապետության Նախագահը՝ ձևավորված պետական կառույցների միջոցով: Նախագահի ծրագրում ընդգրկված են մեր ժողովրդին մտահոգող սոցիալ-տնտեսական հիմնական հարցերը: Այդ ծրագիրը, առկա մարտահրավերներից ելնելով, տալու է բոլոր լուծումները»,- ավելացրել է նախագահը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ նախագահի նախընտրական գլխավոր մարտահրավերը եղել է տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումն առաջիկա տարիներին, իսկ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հանգամանքը հաշվի առնելով՝ կայուն տնտեսություն ունենալը:

«Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ նախնական տնտեսական ցուցանիշների առումով մենք անկում չենք արձանագրել: Հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը աշխարհում լինելու է եզակի պետություններից մեկը, որը 2020 թվականին տնտեսական անկում չի արձանագրելու»,- մասնավորապես ասել է Ա.Հարությունյանը:

ԱՀ նախագահն անդրադարձել է նաև անվճար առողջապահության համակարգի ներդրման, բնակարանաշինության, աշխատավարձերի բարձրացման, կադրային քաղաքականության, պետական տարբեր կառույցների աշխատանքների օպտիմալացման, էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման, որակյալ և մատչելի գներով կապ ունենալու, կապիտալ շինարարության և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցերի:

Երկրի ղեկավարի խոսքով՝ արմատական փոփոխություններ են սպասվում նաև պետական մարմինների տրանսպորտային միջոցների և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ:

«Պետական գերատեսչությունները հիմնականում կունենան շատ սահմանափակ թվով ավտոմեքենաներ: Տրանսպորտային ծառայությունների կարիք ունենալու դեպքում նրանք կարող են օգտվել տաքսի ծառայություններից»,- ասել է նախագահը:

Ա. Հարությունյանը հանձնարարականներ է տվել պատկան մարմինների ղեկավարներին և կրկին նշել, որ յուրաքանչյուր իրականացվող աշխատանք վերահսկվելու է խստագույն կարգով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում