ՆՆարե Թադևոսյան

Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. Պապիկյան

Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  մասնակցում է  Վիեննայում սեպտեմբերի 21-25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Նախարար Պապիկյանը  համաժողովի շրջանակում սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ելույթով: Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել  ԱԷՄԳ օգնությունը՝ գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և COVID-19 համավարակի դեմ պայքարում երկրներին օժանդակություն ցուցաբերելու գործում:

«Այս առումով կցանկանայի ընդգծել անդամ երկրներին ցուցաբերվող օժանդակությունը՝ ատոմային էլեկտրակայանների շարունակական և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Երախտապարտ ենք նաև գլխավոր տնօրենին և ԱԷՄԳ քարտուղարությանը` ավելի քան 120 երկրներին, այդ թվում նաև՝ Հայաստանին տրամադրված ախտորոշիչ սարքերի և նյութերի տեսքով տեխնիկական օժանդակության համար, որն ուժեղացրեց համաճարակի դեմ պայքարի կարողությունները այդ երկրներում»,- նշել է Սուրեն Պապիկյանը: 

Նախարարն իր մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես իրական սպառնալիք, ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ  առաջին անգամ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ»,- ելույթում ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանն  անդրադարձ է կատարել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման հարցին` շեշտելով, որ միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում։ «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը կայացվել է մանրազնին վերլուծությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ենք դրել ապահովել ՀԱԷԿ-ի հետագա գործունեության անվտանգության բարձր մակարդակ և հուսալիություն: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Հայաստանը ակտիվորեն օգտագործում է ԱԷՄԳ խորհրդատվական և գնահատման առաքելությունների հնարավորությունները»,- հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը:

Ավարտելով ելույթը՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը խորապես գնահատում է գործակալության գործունեությունը և վերջինիս աջակցությունը Հայաստանին:

Համաժողովի շրջանակում Սուրեն Պապիկյանը  սեպտեմբերի 21-ին հանդիպել է նաև  ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Նախարարը  կարևորել է Հայաստանի և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը:  «Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ Կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է ԱԷՄ գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ: Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր»,- նշել է նախարար Պապիկյանը` ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրելով  Հայաստան։

Նախարարը հանդիպում է  ունեցել նաև ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Կողմերը  քննարկել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում