Անհնար է բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին: 

«Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում, որ կողմն է հարձակվում մյուսի վրա և որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը»,- ասաց նա: 

Պատգամավորը նշեց, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մշտապես անում են կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ, իսկ Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է՝ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ:

«Երկրորդ՝ երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները»,- ասաց Ռուբինյանը:

Նա նաև ընդգծեց, որ ցանկացած հակամարտություն աշխարհում պետք է լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ:

«Կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ այս հակամարտությունը չի լուծվի»,- ասաց Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում