Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել իտալական «Լա Վերիտա» օրաթերթին, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Թուրքիայի դերին։ Մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մտադրության մասին, Համբարձումյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:
«Նմանօրինակ սպառնալիքները լավագույնս են ի ցույց դնում այդ պետության իրական դեմքը։ Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչության դրսևորում: Այդ հայտարարությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ժողովրդին։
Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից փորձ է արվել «արդարացնել» ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը՝ որպես «էմոցիոնալ» ֆոնին արված հայտարարություն: Իհարկե, դա որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող սպառնալիքը Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդի համար:
Մեկ դիտարկում ևս՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր կազմակերպություններում մտահոգություն էր հայտնում ատոմակայանի անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում, իբր հնացած է և այլն: Իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ատոմակայանը: Կարծում ենք, որ սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր այսպես կոչված մտահոգություններն ունեն խսիտ հակահայկական ուղղվածություն: Ցավոք, մարդկային կյանքն այդ երկրում արժեք չէ, էլ ուր մնաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը»,- ասել է դեսպանը: ։
Պատասխանելով հարցին, թե որպես Իտալիայում Հայաստանի դեսպան, ի՞նչ կոչ ունեք իտալական իշխանություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, Ծովինար Համբարձումյանը պատասխանել է.
«Նախևառաջ, այս առիթն օգտագործելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իտալական իշխանություններին, մասնավորապես ԱԳ նախարար Դի Մայոյին` ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր հավասարակշռված մոտեցման համար։ Բարձր եմ գնահատում հուլիսյան իրադարձությունների ողջ ընթացքում իտալական կողմի ցուցաբերած խոհեմ և հավասարակշռված մոտեցումը։ Իտալական իշխանություններից ակնկալիքն այն է, որ իտալական կողմը շարունակի դրսևորել հավասարակշռված և անկողմնակալ մոտեցում, աջակցել հակամարտությամբ զբաղվող և միջազգային հանրության մանդատն ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին»։
«Կարծում եմ, երբ չգիտես ում հավատալ, ստիպված ես ապավինել տրամաբանությանը։ Հասկանալի չէ, որ այն կողմը, որը հարձակվելու մտադրություն ունի, չի պնդում հետաքննության մեխանիզմ ներդնել Հայաստան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջան-ԼՂ շփման գծում։ Այն կողմը, որը հարձակվելու մտադրություն չունի, այդպես ուժեղ չի պայքարում այդ մեխանիզմները դնելու դեմ։ Կամ երբևէ լսե՞լ եք Հայաստանից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ թշնամական կոչեր։ Ադրբեջանը դա անում է ամենօրյա ռեժիմով։ Ո՞վ է հայերին անվանում թիվ մեկ թշնամի, ո՞վ է Բաքվի փողոցներում կազմակերպում ցույցեր` «մահ հայերին» կարգախոսով։
Թուրքիայի դերը, մեղմ ասած, ապակառուցողական է, ինչպես միշտ։ Թուրքիան, ցավոք, գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ այն դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր՝ լինի դա Միջերկրականում, Աֆրիկայում, թե Ասիական տարածաշրջանում: Ներկայումս Թուրքիայի կողմից փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել նաև Հարավային Կովկաս: Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունը և ԼՂ հակամարտության մեջ նրանց ապակառուցողական դերը միայն մի մասն են այսօրվա Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության»,- ասել է դեսպանը։










