ՆՆարե Ոսկանյան

Քննչական կոմիտեում կարող են աշխատել նաև պարտադիր զինծառայությունից օրենքով ազատված անձինք

Քննչական կոմիտեում կարող են աշխատել նաև պարտադիր զինծառայությունից օրենքով ազատված անձինք

Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում ամրագրված է, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին 2014 թվականին ընդունված օրենքը: Նա նշեց, որ դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել և Քննչական կոմիտեի դեպարտամենտը վերացնել: Աջակցող սուբյեկտները նախագծով պետք է կոչվեն աջակցող մասնագիտական վարչության աշխատակիցներ: 

«Դեպարտամենտին եկել են փոխարինելու աջակցող մասնագիտական մարմինները, որոնք լինելու են վարչությունների և բաժինների տեսքով»,- ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

Արսեն Այվազյանը նշեց, որ հաջորդ փոփոխությունների հիմքը պայմանավորված է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով: 

«Քննչական կոմիտեի ղեկավարը՝ որպես մարմնի ղեկավար, հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու Քննչական կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը. մինչև այդ այս ամենն իրականացվում էր Կառավարության միջոցով, հիմա փոփոխության արդյունքում այդ ամենը պետք է կատարվի Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից»,- ասաց Այվազյանը:

Մյուս օրենսդրական հիմքը, որը ՔԿ նախագահի տեղակալի խոսքով՝ հանգեցրել է փոփոխությունների, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է:

«Նախատեսում ենք փոփոխություն, համաձայն որի Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք: Գործող իրավակարգավորումների պայմաններում ունենք որոշակի խումբ անձինք, որոնք օրինական կարգով ազատվել են զինվորական ծառայությունից, և նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, սակայն օրենքի ձևակերպումն էր խնդիր առաջացնում»,- ընդգծեց Այվազյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում