ԱԺ-ն քննարկում է նոր քննիչ հանձնաժողովի անդամների թվի հարցը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքները մեղմելու, վերացնելու ուղղությամբ ՀՀ Կառավարության  և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու որոշումը: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առաջարկվում է հանձնաժողովում ունենալ 12 անդամ՝  7-ը՝ «Իմ քայլը»  խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան», 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը Մարուքյանին հարցրեց, թե արդյոք հանձնաժողովը կքննարկի՞ ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական ու ապակողմնորոշող: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ սկզբում ասվել է, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի սահմանը, հետո հայտարարվել, թե կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն: «Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում պատգամավորները պետք է դիմակ չկրեն: Երկրում արտակարգ դրություն է եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, երբ վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ, մարդկանց ազատել են աշխատանքից և պետությունից պահանջել սոցիալական օգնություն տրամադրել…Արդյոք հանձնաժողովը քննակելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, արդյոք գնահատելո՞ւ է ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում»,- հարցրեց Նազարյանը:

«Երբ ասվել է՝ Իտալիայի սահմանը փակեք, Իտալիայի չվերթերը փակեք, դա այն պահին պետք է արվեր, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում դեռ չկային վարակակիրներ, երբ մարտ ամսից հետո՝ արդեն հիմա՝ սեպտեմբերին, ասվում է՝ պետք է քայլեր ձեռնարկել, որ սահմանները բացվեն, արդեն այլ իրավիճակ է, և, հետևաբար, պետք է սահմանները բացվեն»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ հանձնաժողովում «Իմ քայլն» ունենալու է 7  անդամ, և որ նախագծին առնչվող ցանկացած  հարց կքննարկվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում