ՀՀռիփսիմե Ղազարյան

Մեր մեծագույն նպատակն ու խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը լինի ազգային ապրելակերպ. վարչապետ

Մեր մեծագույն նպատակն ու խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը լինի ազգային ապրելակերպ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Իր խոսքում վարչապետը նշեց, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: 

«Մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է, օրինակ, արձագանքել այսպես. առանց կրթության հնարավոր է G կարգի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի Մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես:

Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ Հայաստանի համար. որպեսզի, պայմանականորեն, G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Առանց կրթության հնարավոր է  ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը»,- ասաց վարչապետը: 

Փաշինյանը նշեց, որ դպրոցի պատերի ներսում անցկացրած ամեն ժամը, կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն որոշում է, թե ինչպես են ապրելու իրենք, իրենց երեխաները, ընտանիքները:

«Ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե  նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, պսպղան առարկաներ, այլ ուզում եմ, որ ձեր առջև նպատակ դնեք երջանիկ լինել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Այս պարագայում, հավաստիացնում եմ, մնացած բոլոր նյութականը կստեղծվի այնպես, որ ինքներդ էլ չեք նկատի: Ես ուզում եմ, որ երջանկությունը լինի ձեր ամենակարևոր նպատակը, ոչ թե ոսկին: Ես ուզում եմ, որ երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը: Ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք, ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են:

Մեր մեծագույն նպատակն ու խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը լինի ազգային ապրելակերպ, կենսակերպ: Միայն սովորելով, գիտելիքով և կրթությամբ կարող ենք ճանաչել մեր խնդիրներն ու դրանց լուծում գտնել: Ուզում եմ պատրաստ լինեք վաղվա պատասխանատվությանը, որպեսզի այդ պատասխանատվությունը կրեք հաճույքով, ձեզ զգաք երջանիկ: Այսօր արդեն ձեր փոքրիկ ուսերին մի փոքր ծանրաբեռնվածություն կա:  

Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով հարաբերվելը: Իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները, բայց վերջերս նկատեցի, որ աչքերը օգնում են, որ մեր ժպիտներն ավելի արտահայտիչ լինեն: Բայց դա կարող է նպաստել, որ ինքներդ ձեր մեջ դաստիարակեք պատասխանատվություն»,- ասաց վարչապետը` շնորհավորելով ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ինչպես նաև նորակառույց դպրոց ունենալու առիթով: 

Փաշինյանն այնուհետև շրջեց դասասենյակներով, շփվեց երեխաների հետ:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում